«Ինչպե՞ս կարող ենք քննարկել Վրաստանի հարցը Ուկրաինայի հետ բանակցություններում».Պեսկով

«Ինչպե՞ս կարող ենք քննարկել Վրաստանի հարցը Ուկրաինայի հետ բանակցություններում».Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Reuters-ի հոդվածը, որը, հղում անելով երեք ռուսական աղբյուրների, նշում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է արևմտյան երկրներից խոստում ստանալ ՆԱՏՕ-ն արևելյան ուղղությամբ չընդլայնելու վերաբերյալ, «ինչը նշանակում է պաշտոնապես բացառել Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային և այլ նախկին խորհրդային հանրապետություններին անդամակցությունից»։

«Այժմ շատ են խոսում։ Հաճախ դրանց մեծ մասը լիովին սխալ է, կամ կեղծ, կամ ուղղակի սուտ։ Այստեղ մենք պետք է շատ զգույշ լինենք այս ամենի հետ՝ հասկանալով, որ տեղի է ունենում դիրքորոշումների և մոտեցումների փոխանակում», – հավելել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի խոսնակին նաև խնդրել են մեկնաբանել Reuters-ի պնդումները, որ Ռուսաստանը, իբր, պնդելու է ՆԱՏՕ-ին չանդամակցելու երաշխիքների վրա ոչ միայն Ուկրաինայի, այլև Վրաստանի և Մոլդովայի համար. կարո՞ղ է սա քննարկվել բանակցություններում։

«Ինչպե՞ս կարող ենք քննարկել Վրաստանի հարցը Ուկրաինայի հետ բանակցություններում։ Սրանք երկկողմ, ուղիղ բանակցություններ են», – համաձայն չէ հարցի ձևակերպման հետ։

Պեսկովը նաև նշել է, որ նրանք չեն պատրաստվում հրապարակայնորեն քննարկել համաձայնեցված փաստաթղթերը։

«Մենք կարծում ենք, որ սա պետք է արվի դիսկրետ, ոչ հրապարակային եղանակով։ Եվ որոշ դիրքորոշումներ մամուլի միջոցով փոխանակելը չափազանց սխալ կլինի», – նշեց նա։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, դարձավ հակամարտության «հրահրիչը»։ 2021 թվականի դեկտեմբերին Ռուսաստանը առաջարկեց, որ ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները ստորագրեն անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթեր, որոնք կամրագրեին նախկին խորհրդային երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային և Վրաստանին, դաշինք ընդունելուց հրաժարվելը։ Դաշինքը պնդեց «բաց դռների» դիրքորոշմանը իր հավատարմության վրա։

Ավելացնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը հիմնարար նշանակություն ունի Ռուսաստանի համար։