Վրաստանում երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով արդեն մեկ մլն ստորագրություն է հավաքվել: Այս մասին վրացի լրագրողներին հայտնել են նախաձեռնության հեղինակները՝ հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ:
«Վրաստանի Սահմանադրության համաձայն, Դուք՝ Միխայիլ Սահակաշվիլի, 2013 թվականի հունվարի 21-ից չեք հանդիսանում Վրաստանի նախագահ, որը ամբողջությամբ համապատասխանում է Վրաստանի քաղաքացիների կամքին եւ հաստատվում երկրի Սահմանադրությամբ եւ մեծամասնության ստորագրությամբ»,-ասված է փաստաթղթում, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Վերջնագրի նախաձեռնողները պարզաբանել են, որ Միխայիլ Սահակաշվիլիի նախագահական ժամկետն ավարտվում է հունվարի 20-ին՝ նրա պաշտոնակալումից ուղիղ 5 տարի անց, քանի որ երկրի գործող Սահմանադրությամբ նախագահն ընտրվում է 5 տարով: Միաժամանակ, նախորդ գումարման խորհրդարանի կողմից կատարված Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ նախագահական ընտրությունները պետք է կայանան 2013 թվականի աշնանը:
Հիշեցնենք, որ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաներ են տեղի ունեցել Վրաստանի մի շարք քաղաքներում: Իսկ Սահակաշվիլիի կողմնակիցները՝ «Հայրենասերներ» շարժման անդամներն արշավ են սկսել ի պաշտպանություն երկրի նախագահի: NEWS.am