
Կոֆեինն ի վիճակի է փոխելու գիշերային ուղեղի ակտիվությունը և քնի մեջ նվազեցնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ ճանաչողական վերականգնման արդյունավետությունը։ Նման եզրակացությանն են հանգել Մոնրեալի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Communications Biology (ComBio) բժշկագիտական հանդեսում։
Փորձին մասնակցել են քառասուն առողջ չափահասներ։ Առաջին գիշերը քնելուց (երեք ժամ և մեկ ժամ առաջ) նրանք կոֆեինի պարկուճներ են ընդունել, իսկ երկրորդ գիշերը՝ պլացեբո։ Փորձարկվողների ուղեղի գործառույթը վերահսկվել է էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի միջոցով։ Հետազոտությունը պարզել է, որ կոֆեինը զգալիորեն ազդում է նյարդային ակտիվության վրա, հատկապես դանդաղ ալիքային քնի (NREM) փուլում, որը պատասխանատու է հիշողության վերականգնման և համախմբման համար։
«Կոֆեինն ուղեղի գործունեությունն ավելի քաոսային և պակաս կանխատեսելի է դարձնում, -պարզաբանել է հետազոտության առաջին հեղինակ Ֆիլիպ Թելկեն։ – Նյարդային ակտիվության ամենափոքր տատանումները գրանցելու համար արհեստական բանականություն և բարդ վիճակագրական վերլուծություն օգտագործեցինք»։
Գիտնականները գրանցել են խոր քնի համար բնորոշ թետա և ալֆա ալիքների ճնշում և բետա ալիքների աճ, որոնք սովորաբար ծագում են արթմնի վիճակում։ Դա նշանակում է, որ կոֆեինի ազդեցության տակ և նույնիսկ քնի ընթացքում ուղեղը մնում է ավելի նվազ վերականգնողական վիճակում։
Հետազոտողները նշում են, որ նման փոփոխություններով կարելի է բացատրել՝ ինչու է կոֆեինը խաթարում տեղեկատվության մշակումը և ճանաչողական գործառույթների վերականգնումը։ Ազդեցությունը հատկապես ցայտուն էր 20-27 տարեկան երիտասարդ մասնակիցների շրջանում։ Նրանց օրգանզիմում կոֆեինն ավելի ուժեղ ազդեցություն է ունեցել ուղեղի ակտիվության վրա՝ երազներին առնչվող արագ քնի փուլում(REM)։
Ինչպես գիտնականները պարզաբանել են, դա կարող է կապված լինել երիտասարդների ուղեղում ադենոզինային ընկալիչների ավելի բարձր խտության հետ։ Տարիքի հետ այդ ընկալիչների քանակը նվազում է, ուստի կոֆեինը մեծանալուն ու ծերանալուն զորժւգընթաց ավելի քիչ ազդեցություն ունի ուղեղի վրա։