
ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ լքում է Դոնալդ Թրամփի վարչակազմը, հաղորդում է BBC-ն։
X հարթակում գրառման մեջ Մասկը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ իրեն հնարավորություն տալու համար ղեկավարել կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE): Նրա խոսքով՝ կառավարության արդյունավետության դեպարտամենտը կշարունակի իր աշխատանքը։
«Քանի որ իմ՝ որպես հատուկ կառավարական աշխատակցի ժամկետը մոտենում է ավարտին, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին՝ ինձ հնարավորություն տալու համար կրճատել անարդյունավետ ծախսերը: DOGE-ի առաքելությունը ժամանակի ընթացքում միայն կամրապնդվի, քանի որ այն կդառնա կենսակերպ բոլոր կառավարական գործակալություններում», – գրել է Մասկը X-ում։
Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սպիտակ տան պաշտոնյան հաստատել է այս տեղեկատվությունը և ասել, որ Մասկի ազատումը կսկսվի անմիջապես։
Հիշեցնենք, որ Մասկը աղմկոտ արշավ էր վարում ԱՄՆ կառավարության չափը կրճատելու համար, ինչը հանգեցրեց հազարավոր դաշնային աշխատատեղերի վերացմանը։