Նինոծմինդա քաղաքը ջրի խնդրի առջև

Նինոծմինդա քաղաքը ջրի խնդրի առջև

Արդեն 2 շաբաթից ավելի է Նինոծմինդա քաղաքի Երևանյան փողոցի բնակիչները զրկված են ջրամատակարարումից: Բնակիչների խոսքով՝ այս խնդիրը արդեն տարիներ է լուծում չի ստանում:

Բնակիչները պատմում են, որ այս խնդիրը ակտուալ է ոչ միայն ձմռանը, այլ նաև՝ ամռանը: Ձմռանը ջուրը սառչում է, իսկ ամռանը ամբողջ ջուրը ծախսվում է ոռոգման նպատակով:

Բնակիչները խնդրի առնչությամբ դիմեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեբելի Գագիկ Ղարսլյանին: Նրանց հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանի համընդհանուր ջրամատակարարող ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի ղեկավար Արզուն Գորոյանը:

Հանդիպման ժամանակ բնակիչները պահանջեցին ջրի խնդրի անհապաղ լուծում:

Ջրամատակարարող ընկերության ղեկավարի խոսքով՝ ջրի անբավարարության պատճառը բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքն է, ովքեր բաց են թողնում ծորակները, կամ խմելու ջրով ոռոգում են իրենց տնամերձ հողամասները, կամ էլ փոխում են ջրամբարների ջրի ուղղությունը:

Բնակիչ Գարուշ Բդոյանի խոսքով՝ մարդիկ ստիպված են ջուր կրել հարևանների տներից: ՛՛Իմ տանը 10 օր է արդեն ջուր չկա: Խնդիրն այն է, որ բնակիչները ռացիոնալ կերպով չեն օգտագործում ջուրը, ջրամբարից ջրամատակարարումը կանոնավոր կերպով չի իրականացվում, ինչն էլ առանց ջրի մնալու պատճառ է հանդիսանում: Որոշ տեղերում էլ փականները ջարդված են և ջուրը կաթում է, ինչի արդյունքում ջուրը անտեղի կորչում է՛՛,- նշում է բնակիչ Բդոյանը:

Գամգեբելիի հետ հանդիպմանը որոշում կայացվեց Երևանյան փողոցի ջրագիծը առանձնացնել կենտրոնական ջրագծից և միացնել ջրամբարին:

Ջրի խնդրի առաջ է կանգնած ոչ միայն Երևանյան փողոցը, այլ նաև ամբողջ Նինոծմինդա քաղաքը: Բնակիչները նշում են, որ ջրամբարներում կա ջուր, խնդիրն այն է որ այն չի վերահսկվում, յուրաքանչյուր բնակիչ ջրի ուղղությունը փոխում է իր փողոցի ուղղությամբ: Այդ պատճառով էլ մի փողոցի բնակիչները ունենում է ջուր, իսկ մյուսինը՝ ոչ:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting