Գազաֆիկացման նոր փուլ Նինոծմինդայում. Երբ են «փայտն ու աթարը թոշակի գնալու»

Գազաֆիկացման նոր փուլ Նինոծմինդայում. Երբ են «փայտն ու աթարը թոշակի գնալու»

Նինոծմինդայի մունիցիպալիտետում գազաֆիկացման հարցում սպասվում են նոր զարգացումներ։ Գորելովկա, Եֆրեմովկա, Սպասովկա, Օրլովկա և Ժդանովական գյուղերի գազաֆիկացման ինժեներական ծառայության համար հայտարարվել է մրցույթ։ Հայտարարված գումարը կազմում է 166,923 լարի, մրցույթը հայտարարել է Վրացական գազի փոխադրման ընկերությունը։

Առաջարկությունների ընդունումը սկսվել է մարտի 17-ին։ Մրցույթը շահել է “Էներգո Քոնսթրաքշն” ընկերությունը՝ 134,999 լարիով։ Ներկայումս ընթանում են գազատարի նախագծման աշխատանքները, որոնք պետք է ավարտվեն 150 օրվա ընթացքում։ Այնուհետև նախագիծը կփոխանցվի գազամատակարարող ընկերությանը, և ապա կսկսվեն գազաֆիկացման աշխատանքները։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 8 գյուղեր՝ Ժդանովական, Գորելովկա, Օրլովկա, Սամեբա, Եֆրեմովկա, Վլադիմիրովկա, Ախալի Խուլգումո և Փարվանա դեռ գազաֆիկացված չեն։ Բնական գազի բացակայության պատճառով գյուղերում մարդիկ ստիպված են տները ջեռուցել փայտով, աթարով և քարածուխով, ինչը էապես ազդում է բնակչության գյուղում մնալու և ապրելու ցանկության վրա։

NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի գազաֆիկացման խնդրին, հատկապես այն դժվարություններին, որոնց առնչվում է բնակչությունը՝ կապված ձմեռային ծանր պայմանների և վառելիքի հասանելիության հետ։

Գազի բացակայության պատճառով բնակիչները սնունդ են պատրաստում էլեկտրական վառարաններով, իսկ տաք ջուր ունենալու համար միացնում են հոսանքով աշխատող “Ariston” ջերմատաքացուցիչը, որի համար վճարում են ամսական մինչև 150-200 լարի։ Վառելափայտ են գնում՝ մոտ 1000 լարի արժեքով։

Այս գյուղերում տարիներ շարունակ ստիպված են օգտագործել վառելափայտ և աթար՝ տների ջեռուցման համար, ինչը ոչ միայն լրացուցիչ ֆինանսական բեռ է (600 լարի վառելափայտի համար, 150 լարի՝ աթար պահելու վայրի համար), այլև ժամանակատար և ֆիզիկապես ծանր աշխատանք։ Գազաֆիկացման խոստումները մնացել են անկատար, ինչը խորացրել է գյուղացիների անվստահությունը։ Բնակիչներն ընդգծում են, որ գազի առկայությունը զգալիորեն կթեթևացներ իրենց կյանքը, հնարավորություն կտար արդյունավետ կառավարել ժամանակը և կենտրոնանալ գյուղատնտեսական ու կենցաղային այլ կարևոր խնդիրների լուծման վրա։

Փարվանա գյուղում բազմիցս բնակիչները գյուղից հեռանալու պատճառների մեջ նշում են բնական գազի բացակայությունը։ Գյուղացիների կարծիքով՝ գազաֆիկացումը շատ խնդիրներ կլուծի։

Եֆրեմովկա գյուղի բնակիչն ասաց, որ վառելանյութ պատրաստելը երկարատև և տանջալի, ինչպես նաև ծախսատար գործընթաց է, որը գյուղացիները կատարում են ամեն տարի։ Նա նշեց նաև, որ վառելիքը՝ աթարը, ածուխը և փայտը տեղափոխելը փոշոտ է, ձմռան ամիսներին էլ ավելի դժվար է, հատկապես տարեցների համար։

Ժդանովական գյուղի բնակիչն իր հերթին ընդգծեց, որ ապրում են լեռնային, ցուրտ տարածքում, որտեղ ձմռանը գոյատևելը իսկապես դժվար է։ «Ամբողջ ամառը պետք է վառելանյութ հավաքենք՝ քարածուխ, փայտ և աթար։ Դա շատ թանկ արժե։ Մի տոննա քարածուխը 350 լարի է, իսկ փայտը՝ 700-800 լարի։ Սա լուրջ բեռ է գյուղացիների համար»,- նշեց նա։

Բնակիչների համոզմամբ՝ գազի մատակարարումը գյուղեր դարձել է հրատապ անհրաժեշտություն։

Տեսանյութ․