Արհեստավորի գործն արժեք ունի նաև 21-րդ դարում

Արհեստավորի գործն արժեք ունի նաև 21-րդ դարում

Հովնան Մզիկյանը շուրջ երեք տասնամյակ զբաղվում է կոշկակարությամբ՝ գործ, որը նրա ընտանիքում փոխանցվել է սերնդեսերունդ։ Նա այսօրվա երիտասարդներին փորձում է հիշեցնել՝ արհեստավորի գործն արժեք ունի նաև 21-րդ դարում։

44-ամյա Մզիկյան Հովնանը ծնվել և մեծացել է Խոջաբեկ գյուղում։ Սովորել է տեղի դպրոցում։ 28 տարի է ինչ զբաղվում է կոշկակարությամբ, որը, ինչպես ինքն է նշում, իր ընտանիքում սերնդեսերունդ փոխանցվող արհեստ է։ Աշխատանքի փորձառությունը ձեռք է բերել հոր հետ աշխատելով։

«Այս գործը պապական է։ Պապս էր սկսել, հետո հայրս, եղբայրս, հիմա էլ ես ու տղաս։ Սկզբում հին շուկայում էինք աշխատում։ Երբ հայրս մահացավ, ես շարունակեցի գործը», – պատմում է Մզիկյանը NOR-ի հետ զրույցում։

Կոշկակարության հմտությունները նա ձեռք է բերել իր հորից՝ տարիներ շարունակ նրա կողքին աշխատելով։ Այսօր Մզիկյանի որդին ևս շարունակում է ընտանեկան արհեստը։ Թեև նա զբաղվում է նաև այլ աշխատանքներով՝ հատկապես գարնան և ամռան ամիսներին, երբ պատվերները քիչ են լինում, այնուամենայնիվ ընտանեկան ավանդույթը պահվում է։

Մզիկյանն ասում է, որ կոշկակարի աշխատանքը թեև ժամանակակից աշխարհում երբեմն անտեսված է, այն դեռ պահանջարկ ունի.
«Ով որ ունի կարիքը, գալիս է։ Բայց ցավալի է, որ այսօր շատերը չեն գնահատում արհեստավորի գործը»- ասում է նա:

Արհեստի նկատմամբ սերը ծնվել է դեռ պատանեկության տարիներին՝ ութերորդ դասարանից սկսած։ Չնայած ուսման սեր չի ունեցել, բայց իր գործը սիրել ու հարգանքով է վերաբերվում դրան։ «Այս աշխատանքը ինձ համար պատիվ է։ Սիրում եմ շփվել ժողովրդի հետ», – նշում է Մզիկյանը։

Վարպետը նկատում է նաև, որ այսօր կոշիկների որակը այն չէ՝ լինի թանկ, թե էժան.
«Մարդիկ գալիս են տարբեր խնդիրներով։ Թե թանկ կոշիկ լինի, թե էժան, խնդիրները նույնն են։ Որակ չկա»։

Արհեստավորի խոսքով՝ գործն այսօր սեզոնային է. հատկապես աշնան և ձմռան ամիսներին է աշխատանքը շատանում։ Արժեքավոր նյութերն ու գործիքները նախկինում բերում էր Հայաստանից, բայց COVID-19-ի հետևանքով փոխադրումների և մաքսազերծման գների աճը ստիպել է վերանայել լուծումները՝ այժմ պարագաները բերում է Թբիլիսիից։

Մզիկյանը նաև առանձնահատուկ հպարտությամբ նշում է, որ մինչ այժմ օգտագործում է իր հոր 37 տարվա սարքավորումները, որը թեև հին է, բայց շարունակում է հավատարմորեն ծառայել գործին։

Ձախ կողմինը նոր սարք է, որը Մզիկյանի որդին է գնել, իսկ աջ կողմինը՝ 37 տարվա սարքավորումն է։

Սկզբնական տարիներին, երբ փոխեցին աշխատավայրն ու տեղափոխվեցին այլ վայր, դժվարությունները քիչ չէին՝ սարքավորումների տեղադրումից մինչև պայմանների ստեղծում։ Սակայն հիմա խնդիրներն այլ բնույթ են կրում.
«Դժվարությունը հիմա փողի հարցում է։ Եթե գործը նվազի, հնարավոր է՝ գնամ արտագնա աշխատանքի։ Բայց առայժմ իմ տեղում եմ։ Եթե մի օր էլ պատվերներ չլինեն, հնարավոր է փակենք ու գնանք»,- ասում է վարպետը։

Բացի կոշիկներից, Մզիկյանը հաճախ վերանորոգում է նաև մեքենաների կաշվե աքսեսուարներ՝ տալով դրանց երկրորդ կյանք։

Մզիկյանը մտահոգված է նոր սերնդի արհեստներից հեռանալու միտումով.
«Երիտասարդները հիմա այլ կերպ են մտածում։ Չեն ձգտում արհեստ ձեռք բերելու։ Ուսում են ստանում, ճիշտ են անում, բայց մի օր, կարող է հենց արհեստն է պետք գալու»,-ասում է նա։

Ընտանիքում եղել են չորս երեխա, որոնցից մեկը՝ եղբայրը, այսօր ևս զբաղվում է նույն գործով՝ Ախալցիխեում։ Ընտանեկան ավանդույթն ու համատեղ աշխատանքը նրա կյանքի առանցքն են եղել. «Մենք բոլորս էլ փոքրուց տեսել ու սովորել ենք։ Նախկինում դժվար էր ապրել, ամբողջ ընտանիքն էր աշխատում՝ պապս, տատս, մայրս, հայրս։ Մայրս իր մասնագիտությամբ՝ անասնաբուժությամբ և հետո տպարանում, իսկ հայրս ու պապս մշտապես եղել են կոշկակարի գործին, նույնիսկ աշխատել են շուրջօրյա, գործը շատ էր, իսկ տատիկս իր հերթին աշխատել է ծննդատանը»։

Վարպետը մեկ տարի աշխատել է Ռուսաստանում.
«Ռուսաստանում ամեն արհեստ գնահատվում է։ Բայց հայրիկիս առողջական վիճակի պատճառով վերադարձա։ Եթե խաղաղություն լինի, գուցե նորից գնամ, բայց հիմա աշխարհի ոչ մի երկրում խաղաղություն չկա»։

«Մենք մեր գործը սիրելով ենք անում։ Միայն փողի համար չենք աշխատում»,-եզրափակում է Հովնան Մզիկյանը։

Տեսանյութ՝