Սաթխայի տոնը՝ ի հիշատակ Արտյուշ Սանոսյանի

Սաթխայի տոնը՝ ի հիշատակ Արտյուշ Սանոսյանի

Հունիսի 1-ին Սաթխայում տեղի ունեցավ գյուղի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում՝ ի հիշատակ պատմաբան և տոնի հիմնադիր Արտյուշ Սանոսյանի։ Տոնը խորհրդանշում է 1918 թվականի ճակատամարտը, երբ Սաթխայի և Ջավախքի բնակիչները միասին կանգնեցին թուրքական ներխուժման դեմ՝ պաշտպանելով հայրենի հողը։

Ամեն տարի հունիսի 1-ին Սաթխա գյուղում, գեներալների հուշարձանների մոտ հանդիսավորությամբ նշվում է գյուղի տոնը։ Տոնի հիմնադիրն է Սաթխայի ճանաչված զավակը՝ պատմական գիտությունների թեկնածու, ուսուցիչ-պատմաբան Արտյուշ Սպիրիդոնի Սանոսյանը, ով ողջ կյանքի ընթացքում նվիրված էր իր ծննդավայրի պատմության պահպանմանը և սերունդներին փոխանցելուն։ Այս տարվա միջոցառումը տեղի ունեցավ հենց նրա հիշատակին, այս տարի առաջին տարին է, որ տոնը նշվում է առանց Սանոսյանի ֆիզիկական ներկայության։

Հարկ է նշել, որ 1917 թ. դեկտեմբերի 5-ին, երբ ստորագրվեց զինադադարի պայմանագիրը Թուրքիայի հետ, ռուսական բանակը սկսեց դուրս գալ Անդրկովկասի տարածքներից՝ այդ թվում Նինոծմինդայի շրջանից։ Հայերն ու վրացիները մնացին մենակ՝ դիմագրավելու թուրքական ուժերին, որոնք նպատակ ունեին նվաճել ամբողջ տարածաշրջանը։

Սաթխայի, Ախալքալաքի և հարակից գյուղերի բնակիչները՝ միավորվելով և կազմակերպվելով, կարողացան համախմբված ուժերով դիմակայել հակառակորդի հարձակմանը։ Սաթխայի մոտ տեղի ունեցած մի քանի վճռական ճակատամարտերում թուրքական ուժերը պարտության մատնվեցին և ստիպված եղան նահանջել։ Հունիսի 1-ը նշանավոր դարձավ որպես վերջին հաղթական ճակատամարտի օր՝ արժանանալով համայնքի անմոռանալի հիշողության մեջ տեղ գտնելու պատիվը։

Տեսանյութ․