Նինոծմինդա քաղաքի բնակիչները բողոքում են ոռոգման ջրի անբավարարությունից

Նինոծմինդա քաղաքի բնակիչները բողոքում են ոռոգման  ջրի անբավարարությունից

Այս տարի եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով գյուղացիների գյուղատնտեսական ցանքատարածությունները չորացել են:

Պատճառը ոչ միայն ամռան ամիսների ոչ անձրևային լինելն է, այլ նաև Նինոծմինդա քաղաքի և Օրոջալար գյուղի կողմը ուղղվող ոռոգման համակարգի ջրի անբավարարությունը: Վերջինս էլ իր հերթին առաջացրել է գյուղացիների դժգոհությունը:

Նինոծմինդա քաղաքի և հարակից գյուղերի բնակիչները բողոքում են, որ ոռոգման ջուրը չի հասնում իրենց ցանքատարածություններին, քանի որ Ախալաքալաքի քաղաքից մի շարք ֆերմերներ Նինոծմինդայում վարձակալած իրենց 10-20 հեկտար հողատարածքների կարտոֆիլն են ջրում 10 օր շարունակ: Բնակիչների խոսքով` այն մարդիկ, ովքեր մի քանի ար հողատարածք ունեն, չեն կարողանում օգտվել ոռոգման ջրից:

“Ջրի անբավարարության պատճառով իմ կարտոֆիլի ցանքատարածությունը չորացել է: Ունեմ 3 հեկտար կարտոֆիլի դաշտ, որը ցանել և մշակում եմ բանկից վերցված 30 հազար լարի վարկի հաշվին: Այդ գումարով գնել եմ կարտոֆիլի սերմացու, պոմպ, ոռոգելու խողովակներ: Կարծում էի, որ կկարողանամ այս ամենով լավ մշակել և լավ բերք ստանալ, այնինչ հիմա չգիտեմ, թե ինչպես եմ մարելու այդ վարկը: Ոռոգման համար պատասխանատու կազմակերպությունն էլ չի կարողանում լուծել այս խնդիրը: Ջուրը տվել են մեծ հողամասեր ունեցող ֆերմերներին, իսկ մենք մնացել են անհույս վիճակում”,-մտահոգվեց Նինոծմինդա քաղաքի բնակիչ Ստեփան Ամիրխանյանը:

Ոռոգման ջուրը Նինոծմինդա քաղաքի և Օրոջալար գյուղի կողմը կուղղվի երկուշաբթի օրը, արդյոք այդ դեպքում մյուս բնակիչները կկարողանան օգտվել այդ ջրից, դեռևս հարց է: Իսկ մեր այն հարցին ինչու երկուշաբթի օրը, ոռոգման համար պատասխանատու ընկերության ղեկավար Արմեն Սահակյանը նշեց.

“Մենք աշխատում ենք ըստ գրաֆիկի, յուրաքանչյուր շաբաթ փոխում ենք ոռոգման գոտին և չենք կարող որևէ մեկին արգելել ոռոգել իրենց հողամասերը, բոլորը կարող են օգտվել ոռոգման ջրից”:

Իսկ թե մնացած բնակիչները կունենան ոռոգման ջուր, թե ոչ, կտեղեկանանք երկուշաբթի` օգոստոսի 14-ին:

Մանրամասները լսեք նյութում.


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting