Հունիսի 1-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղի հանրային դպրոցում տեղի ունեցավ ջերմ ու հուզիչ հանդիպում. 1994-1995 ուսումնական տարվա շրջանավարտները 30 տարի անց, կրկին հավաքվեցին իրենց հարազատ կրթօջախում։
Նախկին աշակերտներից շատերը ժամանել էին տարբեր երկրներից՝ հաղթահարելով հազարավոր կիլոմետրեր, աշխատանքային գրաֆիկներ ու առօրյա հոգսեր։ Նպատակը մեկն էր՝ վերագտնել մանկության ընկերներին, վերապրել անցած օրերը, կիսվել հիշողություններով, պատմություններով ու այն գեղեցիկ պահերով, որոնք հյուսվել էին դպրոցի պատերի ներսում։
Հանդիպումն ուղեկցվում էր բուռն հույզերով։ Մասնակիցները այցելեցին իրենց դասարանը, որտեղ ամեն անկյուն, սեղան ու աթոռ արթնացնում էր հուշեր։ Հատուկ կերպով նշվեց նաև սիրելի դասղեկ Վիոլետտա Հարությունյանի ներկայությունը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև տարրականի ուսուցչուհիներ Ռիտա Սչանյանը, Սոնյա Մկոյանը, ինչպես նաև հայոց և ռուսաց լեզվի ու գրականության նախկին ուսուցչուհիները։
Շնորհակալության խոսքեր հնչեցին ուսուցիչներին՝ կրթական գործին ցուցաբերած անմնացորդ նվիրումի, հոգատար վերաբերմունքի և արժեհամակարգ ձևավորելու համար։ Նրանց հանձնվեցին շնորհակալագրեր՝ որպես երախտագիտության խորհրդանիշ։
Հանդիպման ընթացքում մեծ ցավով հիշեցին արդեն կյանքից հեռացած դասընկերներին՝ այցելելով նրանց շիրիմներին և հարգանքի տուրք մատուցելով։
Հանդիպումն առավել առանձնահատուկ դարձավ նաև այն հանգամանքով, որ Սաթխա գյուղում այդ օրը նշվում էր գյուղի տոնը՝ նվիրված պատմաբան և տոնի հիմնադիր Արտյուշ Սանոսյանի հիշատակին։ Տոնը խորհրդանշում է 1918 թվականի հերոսամարտը, երբ Սաթխայի և Ջավախքի բնակիչները համախմբվեցին՝ դիմագրավելու թուրքական ներխուժումը և պաշտպանելու հայրենի հողը։
Շրջանավարտները մասնակցեցին գյուղի տոնական միջոցառումներին, այցելեցին գեներալների հուշարձան՝ խոնարհվելով անցյալի սխրանքների առաջ։
Այս հանդիպումը դարձավ հիշողության, երախտագիտության և վերամիավորման խորհրդանիշ։ Ավագ սերունդը հպարտությամբ և ջերմությամբ հիշում է իր ուսուցիչներին՝ նրանց փոխանցած գիտելիքներն ու մարդկային արժեքները դարձնելով կյանքի ուղեցույց։
Տեսանյութ․