
Երիտասարդների շրջանում անցկացված հարցման արդյունքում տեսանելի դարձավ, որ «Erasmus+» ծրագիրը ոչ միայն կրթական, այլև մշակութային և անձնային զարգացման կարևոր հարթակ է։ Ծրագրի հնարավոր փակումը շատերի համար ընկալվում է որպես իրական կորուստ։
NOR-ի լրագրողները երիտասարդների շրջանում անցկացրեցին հարցում՝ «Erasmus+» ծրագրի դադարեցման և այդ ծրագրի դրական կողմերի հետ կապված։
«Այս ծրագիրը մեզ տալիս էր հնարավորություն դուրս գալ սահմաններից՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ մտավոր։ Դա պարզապես ուսում կամ ճանապարհորդություն չէր. դա մեր անձնական աճի, բազմամշակութային շփման ու հանդուրժողականություն ձևավորելու ճանապարհն էր», – նշեց հարցված երիտասարդներից մեկը։
Բազմաթիվ ուսանողներ ընդգծեցին նաև ծրագրի՝ լավագույն կրթական փորձառություններ առաջարկելու հնարավորությունը։ Շատերն իրենց հաջողակ կրթական և մասնագիտական ուղին հենց այս ծրագրով են սկսել։
«Եթե մարդիկ գնում են ուսում ստանալու «Erasmus+» ծրագրով նախ և առաջ նրանք կզարգացնեն իրենց աշխարհահայացքները։ Կծանոթանան այդ երկրի մշակույթի և ավանդույթների հետ։ Մենք ծանոթանում ենք նրանց մշակույթին, իսկ նրանք մեր մշակույթին։ Սովորում ենք նաև նոր լեզու, դա էլ շատ մեծ առավելություն է։ Կան այնպիսի երկրներ որտեղ համալսարանները շատ լավ գիտելիքներ են տալիս ուսանողներին։ Եթե «Erasmus+» ծրագիրը չլինի բնականաբար ուսանողները հնարավորություններ չեն ունենում գնալ և այդ ծրագրերին մասնակցել ու ավելի լավ ուսում ստանալ։ Ավելացնեմ ճանապարհորդությունը, որը նույնպես մեծ առավելություն է, քանի որ սովորելու հետ մեկտեղ կարող են Եվրոպայի յուրաքանչյուր երկրներ այցելել։ Եթե մասնակցում ես այդ ծրագրերին մեծ հնարավորություն է տրվում մնալ այդ երկրում և սկսել աշխատել։ Շատ ծանոթներ ունեմ ովքեր «Erasmus+» ծրագրին են մասնակցել ու այլ երկրում են աշխատում»,- նշեց մեկ այլ երիտասարդ։
Բացի կրթությունից, ուսանողները նշում են ճամփորդելու, նոր կապեր ստեղծելու, ինչպես նաև մշակութային փոխհարստացման կարևոր հնարավորությունները, որոնք գալիս են ծրագրի շրջանակներում։
«Շատ ուշադիր հետևում եմ նրանց էջերին։ Ուսանողական շրջանում մեծ հնարավորություն տվող ծրագրերից մեկն է, որովհետև բացի նրանից, որ «Erasmus+»-ի ընթացքում են գնում և շատ նոր գիտելիքներ և փորձ են ձեռք բերում, այլ ուրիշ երկրի մշակույթն են սովորում ու ճանապարհորդում։ Շատ մեծ ցուցանիշ ունեն նրանք այն ամենով, որ ուսանողները հաջողությամբ ավարտում են այդ ամենը, չկա այնպիսի դեպքեր, որ ձախողում են։ «Erasmus+»-ի այն կողմն է վատ, որ եթե ձախողվում ես, գումարը պետք է հետ վերադարձնես, բայց դե դա էլ մյուս կողմից դրական է, օգնում է, որ լուրջ վերաբերվեն ուսանողները, անլուրջ չվերաբերվեն»,- նշեց մեկ այլ հարցված հավելելով, որ հաստատ չի ցանկանում փակվի այս ծրագիրը ու եթե փակվի շատ վատ կլինի, որովհետև շատ գիտելիք և փորձ են ձեռք բերում։
«Եթե այս ծրագիրը փակվի, մենք կկորցնենք ոչ միայն կրթական, այլև զարգացման ու ինքնահաստատման հարթակ։ Մենք անկեղծորեն հուսով ենք, որ այն կշարունակի գործել ու կդառնա ավելի հասանելի բոլորի համար»,-նշեց երիտասարդը։
Erasmus+-ի հիմնական նպատակը կրթական և մշակութային համագործակցության խթանումն է, ինչպես նաև երիտասարդների շարժունակության, անձնական զարգացման և Եվրոպական արժեքների տարածման աջակցումը։
Այն աջակցում է տարբեր տեսակի նախագծերի՝ ուսանողների փոխանակումից մինչև երիտասարդական նախաձեռնություններ, դասավանդման փորձառություններ ու միջազգային համագործակցային ծրագրեր։