Այսօր՝ հունիսի 3-ին Նինոծմինդայի Երկրագիտական թանգարանում անցկացվեց Վահան Տերյանի 140 ամյակին նվիրված գրական ցերեկույթ։
Նախքան միջոցառման սկսվելը Նինոծմինդայի Երկրագիտական թանգարանի տնօրեն Արևիկ Տոներյանը թանգարանում աշակերտների և ուսուցիչների համար անցկացրեց փոքրիկ էքսկուրսիա։
Միջոցառումը կազմակերպել էր Փոքր Գոնդուրայի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անժելա Նազարյանը դպրոցի աշակերտների հետ միասին։
«Օդը լիքն է Տերյանով , մթնոլորտը իսկապես հագեցած է Տերյանով, մնում է մենք վայելենք նրա մարգարտաշատ պոեզիան»,- ասաց տնօրեն Արևիկ Տոներյանը։
Միջոցառմանը աշակերտները ներկայացրեցին Տերյանի կենսագրությունը, ներկայացան նրա բանաստեղծություններով, երկերով, մասնակիցներից ոմանք էլ ներկայացան պարերով։
Փոքր Գոնդուրայի դպրոցի տնօրեն Կարինե Գոմցյանը, ով նույնպես ներկա էր ցերեկույթին, հուզմունքով շնորհակալություն հայտնեց աշակերտներին և Անժելա Նազարյանին՝ ասելով որ աշակերտներին բացահայտեց այլ կերպ։
Փոքր Գոնդուրայի ուսուցչուհի Անժելա Նազարյանը նույնպես հանդես եկավ շնորհակալական խոսքով:
«Մեր երեխաները շատ ոգևորված էին, ճիշտ է, նրանք դպրոցում բոլոր միջոցառումներին ակտիվորեն մասնակցում են, բայց դպրոցից դուրս առաջին անգամն էր, որ նրանք Տերյանի գանձարանից վերցրել էին փոքրիկ մի մաս, որը այսօր ներկայացրին հանդիսատեսի դատին»։
NOR ռադիոկայանի լրագրողների հետ իր տպավորություններով կիսվեց միջոցառման մասնակից Մելինե Տոներյանը, ով նշեց․
«Մեր միջոցառումը նվիրված էր Վահան Տերյանի 140 ամյակին, ծանոթացանք նրա կենսագրությանը և կյանքին, բանաստեղծություններին և հասկացանք, թե ինչ մեծ դժվարությամբ է հասել այսօրվա փառքին։ Արդեն 1 ամիս է, ինչ պատրաստվում ենք այս միջոցառմանը։ Մինչ միջոցառման սկսվելը մի քիչ լարված էինք, սակայն երբ Տոներյանը ծանոթացրեց թանգարանի հետ, սկսեցինք մեզ ավելի ազատ զգալ»։
Միջոցառման ավարտին նաև ելույթ ունեցավ Նինոծմինդայի քաղաքապետարանի հուշարձանների պաշտպանության, սպորտի, մշակույթի, տուրիզմի զարգացման եւ գենդերային հավասարության բաժնի պետ Լևոն Վարդանյանը։ Նա շնորհակալություն հայտնեց աշակերտներին և կազմակերպիչներին տպավորիչ միջոցառման համար և նշեց, որ հանդիսատեսը ևս զգաց ու մտովի և հոգով ապրեց այն հույզերը, որոնք փոխանցեցին աշակերտները:
Տեսանյութ․