Նինոծմինդայի շրջանի Վլադիմիրովկա գյուղի գազաֆիկացումը ընթացքի մեջ է

Նինոծմինդայի շրջանի Վլադիմիրովկա գյուղի գազաֆիկացումը ընթացքի մեջ է

Գազաֆիկացման խնդիրը մինչ օրս շարունակում է մնալ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բազմաթիվ գյուղերի համար առավել հրատապ հարցերից մեկը։ Խնդիրը հատկապես սուր է այն բնակավայրերում, որտեղ բնական գազի մատակարարումը նույնիսկ չի նախատեսվում։ Գազի բացակայությունը զգալիորեն դժվարեցնում է տեղի բնակչության առօրյա կյանքը՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանին բնորոշ խիստ կլիմայական պայմանները։

Երկարատև և սառնաշունչ ձմեռների պայմաններում գազամատակարարման բացակայությունը դառնում է ոչ միայն արտագաղթի պատճառ, այլև բերում է լուրջ տնտեսական և բնապահպանական հետևանքների։ Բնակիչները ստիպված են օգտվել ջեռուցման այլընտրանքային միջոցներից՝ վառելափայտից, ածուխից և գոմաղբից։

Այս տարի հարևան Ախալքալաքի մունիցիպալիտետում նախատեսվում է գազիֆիկացման բավականին ակտիվ գործընթաց, մինչդեռ Նինոծմինդայի մունիցիպալիտետում այն շարունակում է ձգձգվել։

«SJGC» գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանն ասում է․

«Մենք արդեն 125 մմ գազատար ենք անցկացրել Նինոծմինդայից մինչև Հեշտիա գյուղ։ Այս պահին գազն արդեն մատակարարվում է Փոկա գյուղ, այս տարի մենք նաև նախատեսում ենք գազ մատակարարել Վլադիմիրովկային։ Ասպարա գյուղում ոչ ոք չի ապրում, ուստի այնտեղ աշխատանքներ իրականացնելու ծրագրեր չկան։

Մնացել են Փարվանա և Ախալի Խուլգումո գյուղերը, բայց այս պահին դրանց վերաբերյալ կոնկրետ ծրագրեր չկան։ Գորելովկա դեռևս գազ չի մատակարարվում։ Կա պետական ծրագիր, բայց ես չգիտեմ, թե երբ և ինչպես կիրականացվեն աշխատանքները։ Սակայն նախագծման մրցույթն արդեն հայտարարվել է, և հաղթող ընկերությունը որոշված է։ Մենք նրանց տրամադրել ենք միացման կետեր, որտեղից նրանք կարող են սկսել։ Ես դեռևս այլ մանրամասներ չունեմ»։

Հիշեցնենք, որ մրցույթ է հայտարարվել Գորելովկա, Եֆրեմովկա, Սպասովկա, Օրլովկա և Ժդանովական գյուղերի գազաֆիկացման ինժեներական ծառայությունների համար։ Գազաֆիկացման նպատակով նախատեսված գումարը կազմում է 166,923 լարի, իսկ մրցույթը հայտարարել է Վրաստանի գազափոխադրման ընկերությունը։

Մրցույթը մեկնարկել է մարտի 17-ին, և հաղթող է ճանաչվել «Էներգո Քոնսթրաքշն» ընկերությունը՝ 134,999 լարի առաջարկով։ Ներկայումս ընթանում են գազատարի նախագծման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 150 օրվա ընթացքում։ Աշխատանքների ավարտից հետո նախագիծը կփոխանցվի գազի ընկերությանը, որից հետո կսկսվեն գազաֆիկացման շինարարական աշխատանքները։