
Հեշտիա գյուղ տանող ճանապարհահատվածի ասֆալտը սկսել է քանդվել, տեղ-տեղ առկա են մեծ փոսեր։ Տեղական իշխանությունները խոստանում են այն վերանորոգել, սակայն գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատումից հետո։
Հեշտիայի գյուղապետ Եգոր Քոթոյանի խոսքերով, Թորիա և Ղաուրմա գյուղերում շուտով պետք է սկսվեն ասֆալտապատման աշխատանքներ։ Քանի որ այս գործընթացի ժամանակ օգտագործվելու է ծանր տեխնիկա, որը պետք է անցնի Հեշտիա տանող նույն ճանապարհով, ներկայումս նպատակահարմար չէ սկսել վերանորոգման աշխատանքները։
«Քանի որ ծանր տեխնիկան կարող է նոր վնասներ պատճառել ճանապարհին, նախ կկատարվեն հիմնական ասֆալտապատման աշխատանքները, և միայն այնուհետև՝ փոսերի վերանորոգումը», – նշեց նա։
Հիշեցնենք, որ Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները իրականացվել են 2015–2018 թթ.: Ճանապարհի բարեկարգման երեք տարվա ընթացքում Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի միջոցներով ասֆալտապատվել է 3,500 մետր ճանապարհ։
Նշենք, նաև որ այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում նախատեսվում է գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատում։
Հեշտիա գյուղի ճանապարհների ասֆալտապատման նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1,420,000 լարի՝ ԱԱՀ-ն ներառյալ։ Գորելովկա գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 2,055,000 լարի՝ ԱԱՀ-ն ներառյալ։
Գորելովկա և Հեշտիայի ճանապարհների ասֆալտապատման նախագծերի ընդհանուր արժեքը կազմում է 3,475,000 լարի՝ ԱԱՀ-ն ներառյալ։