
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարար Գեորգի Միրցխուլավան և Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։
Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարը ընդգծել է Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ շեշտադրելով հատկապես մշակույթի ոլորտում համագործակցության խորացման կարևորությունը։ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ հունիսի 5–7-ը Երևանում անցկացվող Վրաստանի մշակույթի օրերը կնպաստեն երկկողմ մշակութային երկխոսության ակտիվացմանն ու գործընկերության նոր մակարդակի բարձրացմանը։
ԿԳՄՍ նախարարը կարևորել է ոլորտային համագործակցության ընդլայնումը՝ մասնավորապես ընդգծելով համատեղ կինոնախագծերի իրականացումը, ինչպես նաև փորձի փոխանակումը կինեմատոգրաֆիայի և նոր մեդիայի ոլորտներում։ Նախարարը նշել է, որ նման նախագծերը կարող են նպաստել երկու ժողովուրդների մշակույթի միջազգային առաջխաղացմանը և ազգային ավանդույթների տարածմանը ժամանակակից ձևաչափերով։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գործունեության և զարգացման հարցը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին՝ թատրոնի գործունեությանն աջակցելու համար՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարությունը ևս շարունակում է աջակցել թատրոնին՝ ներկայացումների կազմակերպման և այլ նախաձեռնությունների իրագործման հարցում։ Այս համատեքստում քննարկվել է 2025 թ. թատրոնի վերաբացման շրջանակում համատեղ միջոցառման կազմակերպման հարցը։
Նախարարը առաջարկել է դիտարկել նաև Թբիլիսիի և Հայաստանի թատրոնների միջև համագործակցության հնարավորությունները՝ համատեղ բեմադրությունների, փոխայցելությունների և բեմարվեստի ոլորտում փոխանակման ծրագրերի միջոցով։ Նա ընդգծել է, որ դասական և ժամանակակից պիեսների փոխադարձ ներկայացումը կարող է էապես նպաստել ազգային գրականության արժեքների նորովի ընկալմանն ու տարածմանը երկու ժողովուրդների հանդիսատեսի շրջանում։ Թատերարվեստի ոլորտում համագործակցության շրջանակում արձանագրվել է, որ կայուն գործընկերություն է ձևավորվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և Վրաստանի անվանի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի գլխավորած Ռուստավելիի անվան թատրոնի միջև. իրականացվում են համատեղ բեմադրություններ, հյուրախաղեր։ Նշվել է նաև համագործակցությունը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Վրաստանի օպերային թատրոնի միջև, այդ թվում՝ բեմադրիչ Նինո Անանիաշվիլիի մասնակցությամբ համատեղ նախաձեռնությունների իրականացումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ջավախքի Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման աշխատանքներին։ Կողմերը քննարկել են բանաստեղծի 140-ամյակի շրջանակում թանգարանի վերաբացման հանդիսավոր արարողության կազմակերպմանը վերաբերող հարցեր։
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև կրթության ոլորտում համագործակցությանը ՝ մասնավորապես շեշտելով Երևանի պետական համալսարանում 2024 թ. հիմնված վրացագիտության կենտրոնի գործունեությանը, որը կարևոր քայլ է Հայաստանում վրացերենի ուսումնասիրության և տարածման գործում։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև երիտասարդական համաժողովների կազմակերպումը՝ ընդգծելով երկու երկրների երիտասարդների շփման և երկխոսության զարգացման, բարեկամական կապերի ամրապնդման և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը: Նախարար Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2025 թ. հուլիսին Ապարանում՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքում, նախատեսվում է անցկացնել Հայաստանի և Վրաստանի երիտասարդական ամենամյա եռօրյա համաժողովը։ Նախարարի դիտարկմամբ՝ այն կծառայի որպես հարթակ երիտասարդ արվեստագետների միջև համագործակցությունը խթանելու, երկխոսությունը զարգացնելու և համատեղ ծրագրեր նախաձեռնելու համար։
Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Վրաստանի մշակույթի օրերի պատշաճ կազմակերպման համար՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու համագործակցությունը մշակույթի ոլորտում։ Թինաթին Ռուխաձեն կարևորել է մշակութային պատվիրակությունների կանոնավոր փոխանակումների իրականացման անհրաժեշտությունը ստեղծագործական խմբերի, նկարիչների, երաժիշտների, կինոգործիչների և ճարտարապետների միջև: Ընդգծվել է նաև Հայաստանի և Վրաստանի թանգարանների միջև ուղիղ համագործակցության կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: