
Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում կայացավ «Սայաթ Նովա» աշուղական երգերի համույթի սաների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Երեխաները պարգևատրվեցին դիպլոմներով և առաջին, երկրորդ ու երրորդ կարգի մեդալներով՝ երաժշտական մրցույթներում ցուցաբերած ակտիվության և բարձր արդյունքների համար։
Համույթի երգուսույց Հայաստան Իսպիրյանը պարգևատրվեց հատուկ խորհրդանշական հուշանվերով՝ սաներին կրթելու և մշակութային արժեքների փոխանցման գործում ներդրած նշանակալի աշխատանքի համար։
Պարգևատրումը կատարեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի սպորտի, մշակույթի և կրթության բաժնի պետ Լևոն Վարդանյանը, ով ընդգծեց, որ նման նախաձեռնությունները մեծապես նպաստում են երիտասարդ սերնդի մշակութային դաստիարակությանը։
Հայաստան Իսպիրյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով՝ նշելով․
«Այս մրցույթները երեխաներին ավելի ու ավելի են մոտիվացնում։ Մեզ համար կարեւոր է մշակույթի փոխանցումը, ինչպես նաեւ այն, որ մեր սաները հնարավորություն ունենան ներկայացնելու իրենց տաղանդը տարբեր հարթակներում։ Առաջիկայում ունենք համերգային հրավերներ Հունաստանից, Թբիլիսիից, Քոբուլեթիից և Երևանից։ Շնորհակալ եմ ծնողներին և Մշակույթի կենտրոնի ղեկավար Գայ Ղարսլյանին՝ մշտական աջակցության համար»։
Հարկ է նշել, որ Հայաստան Իսպիրյանի սաները մշտապես մասնակցում են տարբեր փառատոնների, մրցույթների և ունեն բազմաթիվ հաջողություններ, նվաճումներ։
Մանրամասները տեսանյութում․