
Ախալքալաքում՝ Զազա Փերաձեի անվան նախնական մարտական պատրաստության կենտրոնում, պայմանագրային զինվորական ծառայության ռեկրուտները զինվորական երդում են տվել։ Այս մասին տեղեկատվություն է տարածում պաշտպանության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ ռեկրուտները այսօրվանից համարվում են պաշտպանության ուժերի լիիրավ զինծառայողներ և պայմանագրի շրջանակում կծառայեն պաշտպանության ուժերի տարբեր ստորաբաժանումներում։
«Ռեկրուտներին նախնական մարտական պատրաստության դասընթացի հաջող ավարտը շնորհավորել է կենտրոնի հրամանատար, գնդապետ Զաքարիա Կալանդաձեն և մաղթել արժանի ծառայություն Վրաստանի պաշտպանության ուժերում։
Ութ շաբաթ շարունակ ռեկրուտները անցել են նախնական մարտական պատրաստության դասընթաց (BCT), որի շրջանակում զարգացրել են տակտիկական, կապի, բժշկական, կրակային և շարային հմտություններ, ինչպես նաև ուսումնասիրել են ընդհանուր բանակային կանոնագրքեր։
Երդման արարողությանը մասնակցել են մարտական պատրաստության կենտրոնի ղեկավար անձնակազմը, ռեկրուտների ծնողները և ընտանիքի անդամները, տեղական ինքնակառավարման ներկայացուցիչները, ինչպես նաև Ախալցիխեի և Ախալքալաքի մունիցիպալիտետների յոթ հանրային դպրոցների աշակերտները։
Միջոցառումից հետո դպրոցականների համար կազմակերպվել է բաց դռների օր։ Երիտասարդները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ռազմական բազայի ենթակառուցվածքներին, զննելու զինվորականների բնակության պայմանները, սպորտային համալիրը, բրիգադի զինամթերքն ու տեխնիկան», – նշված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։