
Վրաստանի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին կհանգեցնի Ռուսաստանի հետ զինված հակամարտության, ասել է բրիտանացի դիվանագետ Իան Փրաուդը, որի խոսքերը փոխանցում է «Վզգլյադ»-ը։
«Եթե դուք ցանկանում եք միանալ ՆԱՏՕ-ին, ապա Ռուսաստանի հետ պատերազմը երաշխավորված է», – զգուշացրել է նա։
Փրաուդը նաև նշել է, որ Վրաստանը չպետք է պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ՝ հիշեցնելով Արևմուտքի անարդյունք փորձերը՝ ճնշում գործադրելու Մոսկվայի վրա։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Վրաստանի բնակչության զգալի մասը, նայելով Ուկրաինայի իրադարձություններին, հասկանում է ՆԱՏՕ-ին հավանական անդամակցության գինը։
Վերջին տարիներին Ռուսաստանը հայտարարում է ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության մասին իր արևմտյան սահմանների մոտ։ ՆԱՏՕ-ն ընդլայնում է իր նախաձեռնությունները և դրանք անվանում «ռուսական ագրեսիայի զսպում»։ Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում դաշինքի ուժերի կուտակման վերաբերյալ։ Կրեմլը նշել է, որ Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում, բայց չի անտեսի իր շահերի համար պոտենցիալ վտանգավոր գործողությունները։