Մեկ դպրոց, հազար հիշողություն

Մեկ դպրոց, հազար հիշողություն

Հունիսի 9-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղի հանրային դպրոցում տեղի ունեցավ ջերմ ու հուզիչ հանդիպում։ 1988-1989 ուսումնական տարվա շրջանավարտները, 36 տարի անց, կրկին հավաքվեցին իրենց հարազատ կրթօջախում՝ կիսվելու հիշողություններով, մանկության ընկերական մթնոլորտով ու դպրոցական տարիների ապրումներով։

Հանդիպման մասնակիցներից շատերը ժամանել էին Ռուսաստանից։ Նրանց նպատակն էր միմյանց հետ վերապրել այն օրերը, որոնք ձևավորել էին իրենց անհատականությունը, և միասին հարգել ուսուցիչների ու վաղամեռիկ դասընկերուհու հիշատակը։ Նպատակը մեկն էր՝ տեսնել մանկության ընկերներին, վերապրել անցած օրերը, կիսվել հիշողություններով, պատմություններով ու այն գեղեցիկ պահերով, որոնք հյուսվել էին դպրոցի պատերի ներսում։

Շնորհակալության խոսքեր հնչեցին ուսուցիչներին՝ տված գիտելիքների, հոգատարության ու առաջնորդության համար։ Աշակերտներն ու ուսուցիչները փոխանակվեցին կրծքանշաններով՝ որպես հարգանքի և երախտագիտության նշան։ Ուսուցիչները նույնպես հանդես եկան բարեմաղթանքներով՝ իրենց սրտի խոսքը հղելով սաներին։

«Հավաքվել ենք 36 տարի անց ցույց տալու, թե ինչ ուղի ենք անցել, ինչ մարդիկ ենք դարձել և ինչ սերունդ ենք դաստիարակում։ Դպրոցն ավարտելուց հետո տարբեր ուղիներով ենք շարժվել` բանակ, ուսում, աշխատանք, ընտանիք։ Սակայն այսօր մենք այստեղ ենք, միավորված մեր դպրոցով և հիշողություններով», – ասաց Վահրամ Իսպիրյանը՝ հիշողություններով տեղափոխվելով դպրոցական տարիներ:

Հանդիպումը թանկ հիշողություն է բոլորի համար և ևս մեկ ապացույց, որ տարիները չեն ջնջում դպրոցական ընկերության ուժը և հիշողության արժեքը։

Տեսանյութ՝

Ֆոտոշարք՝