
«Դրամաշնորհների մասին» օրենքում փոփոխություն է կատարվում, մասնավորապես հստակեցվում է, թե ինչ է դրամաշնորհը: Ըստ փոփոխության` տեխնիկական կամ փորձագիտական օգնությունը, գիտելիքների փոխանակումը և այլ նմանատիպ ներդրումները կհամարվեն դրամաշնորհ։
«Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Թորնիկե Ճեիշվիլին խորհրդարանի լիագումար նիստում խոսել է վերոնշյալ օրենսդրական նախաձեռնության մասին։
«Դրամաշնորհների մասին» օրենքում իրականացվելիք փոփոխության համաձայն` Եվրամիության Horizon Europe հետազոտական և նորարարական ծրագրի ու Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող դրամաշնորհները այլևս չեն ենթարկվի կառավարության համաձայնությունն ստանալու պարտավորությանը։
Նրա խոսքով՝ օրենքը նաև կհստակեցնի դրամաշնորհ տրամադրող կազմակերպությունների ցանկը, և կնշվի, որ ցանկացած միջազգային կազմակերպության տրամադրվելիք ցանկացած ֆինանսական միջոց կարող է համարվել դրամաշնորհ։
Խորհրդարանը «Դրամաշնորհների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները կքննարկի առաջին ընթերցմամբ։ Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ն արդեն ընդունել է օրենք, որի համաձայն՝ դրամաշնորհ տրամադրելու համար անհրաժեշտ է կառավարության կամ կառավարության նշանակած լիազորված անձի/մարմնի համաձայնությունը: Առանց համաձայնության տրամադրված դրամաշնորհների ընդունումն արգելվում է: Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյին հանձնարարվել է վերահսկել չարտոնված դրամաշնորհների տրամադրումը և ստացումը: