
Լուսանկարը արխիվից․
Փարվանան Նինոծմինդայի մունիցիպալիտետի 8 գյուղերից մեկն է, որտեղ ակտուալ է գազաֆիկացման խնդիրը։ Բնական գազի բացակայության պատճառով գյուղում մարդիկ ստիպված են տները ջեռուցել փայտով, աթարով և քարածուխով, ինչը էապես ազդում է բնակչության գյուղում մնալու և ապրելու ցանկության վրա։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա գյուղը գտնվում է Նինոծմինդայից 38 կմ հեռավորության վրա, Փարվանա լճի հարավային մասում՝ Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի մայրուղու վրա։
Ներկայումս գյուղում ապրում է 80 ընտանիք։ Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Գյուղն ունի իննամյա դպրոց, մարզասրահ և արարողությունների տուն։ Գյուղի հիմնական խնդիրը բնական գազի բացակայությունն է։
Բնակիչ Կ․ Մ․-ն խոսում է գյուղում առկա դժվարությունների, հատկապես գազի բացակայության մասին՝ ուղարկելով NOR ռադիոկայանին տեսանյութ։
Նա նշում է. «Մեծ խնդիրն անշուշտ բնական գազի բացակայությունն է։ Դեռևս 2021 թվականին խոստացել էին, որ գյուղը կգազաֆիկացվի, սակայն դա չի իրականացվել։ 2025-ին ևս խոստումներ են եղել, սակայն արդյունք չկա։ Հույսերը կտրած են բնակիչները»։
«Անհույս սպասում ենք, բայց գազի կարևորությունն ու խնդիրը այսօր Փարվանա գյուղում առաջնային են։ Քանի որ գյուղը բնական գազ չունի, մարդիկ գոմաղբը վերածում են աթար ու վառում են ձմռանը տները ջեռուցելու համար։ Տների վերանորոգումը իմաստ չունի, քանի որ փոշու պատճառով ամեն ինչ շուտ փչանում է։ Մարդիկ ձգտում են ու հույսով են ապրում այստեղ», — ասում է Փարվանա գյուղի բնակիչը։
Չնայած բազմաթիվ խնդիրների, գյուղում երկու տուն է կառուցվում, հավելում է բնակիչը։
Եթե որոշ գյուղերի գազաֆիկացումը քննարկման կամ իրականացման փուլում է, ապա Փարվանայի գազաֆիկացումը մոտակա ժամանակներս նույնիսկ պլանավորված չէ։
Փարվանա գյուղը Նինոծմինդայի մունիցիպալիտետի ծայրամասային բնակավայրերից է, որը գնալով հայտնվում է նույն վիճակում, ինչում տարիներ առաջ էր Ասպարա գյուղը։ Ասպարայում բնակչությունը վաղուց լքել է տարածքը, և այսօր այն ամբողջովին անբնակ է։ Փարվանայի պարագայում էլ կա վտանգ, որ նույն ճակատագրին կարժանանա, եթե իրավիճակը չփոխվի։
Մանրամասները՝ տեսանյութում։