
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բուդապեշտ կատարած այցի ընթացքում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, հայտնում է Վրաստանի կառավարության վարչակազմը։
«Անձնական հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հիմնական ուղղությունները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի ձևաչափի կարևորությանը տարբեր ոլորտներում գործընկերության հետագա զարգացման խթանման գործում։
Ընդգծվել է Վրաստանի և Հունգարիայի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և առևտրատնտեսական կապերի հետագա խորացման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում կրկին ընդգծվել է խաղաղության և կայունության հատուկ կարևորությունը։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել իր հունգարացի գործընկերոջը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ինչպես նաև երկրի եվրոպական ինտեգրման նկատմամբ նրա անսասան աջակցության համար», – ասվում է հայտարարության մեջ։
Սա Կոբախիձեի երրորդ այցն է Հունգարիա խորհրդարանական ընտրություններից հետո։ Նա նաև երեք անգամ հանդիպել է Օրբանի հետ՝ Թբիլիսիում, Կառավարությունների համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում և Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։