
Նինոծմինդայում հայտնի երգչուհի Քրիստինե Ամիրխանյան-Իսպիրյանը երկար դադարից հետո կրկին երգում է, նվագում ու գրում՝ կյանքին նոր ձայն հաղորդելով։
Քրիստինեն ծնվել է 1981 թվականին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում։ Դեռ մանկուց երաժշտությունը դարձել է նրա հոգու լեզուն։ Սովորելով գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ նա արդեն պատանի տարիքից աչքի էր ընկնում իր տաղանդով։ Քրիստինեն մասնակցել է տարբեր երաժշտական փառատոնների և արժանանացել առաջին ու երկրորդ հորիզոնականների։
Դպրոցն ավարտելուց հետո նա ամուսնացել է Սաթխա գյուղում։ Ունի 3 երեխա։ Որոշ ժամանակ դադար է վերցրել երաժշտությունից՝ իր ամբողջ ուժերն ու սերն ուղղելով ընտանիքին։ Նրա խոսքով երեխաները դարձել են կյանքի իմաստն ու նպատակը։
Սակայն այսօր, երբ նրանք արդեն չափահաս են և կայացած իրենց ընտրած ճանապարհին, Քրիստինեն վերադառնում է երաժշտությանը։ Նրա ներսում երբեք չմարած սերը երգի հանդեպ նոր ուժով և ոգևորությամբ է վերսկսվել:
«Համայնքի ջերմ արձագանքը ինձ պարտավորեցնում է շարունակել երգել։ Մանկուց սիրել եմ երաժշտությունը։ Երաժշտության հանդեպ սերը փոխանցվել է ինձ գեներով։ Իմ պապիկը երաժիշտ է եղել, ինչպես նաև հայրիկս և հորաքույրս»,- ասում է Քրիստինեն՝ հավելելով, որ առանց երգ-երաժշտության նա իր կյանքը չի պատկերացնում։
Բացի երգելուց նա ակտիվորեն ստեղծագործում է, գրում է երգեր և նվագում մի քանի երաժշտական գործիքներ՝ դհոլ, ակորդեոն և սինթեզատոր։ Նրա երգերից մեկը նվիրել է հենց իր հայրենի Գանձա գյուղին՝ որպես սրտաշարժ հարգանքի տուրք արմատներին։
Տեսանյութ՝