Ազատության փողոցի բաց փոսը դարձել է բնակիչների գլխացավը

Ազատության փողոցի բաց փոսը դարձել է բնակիչների գլխացավը

Նինոծմինդայի Ազատության փողոցում Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի մասնաճյուղի աշխատակիցների կողմից մոտ երկու ամիս առաջ իրականացվել են ջրի արտահոսքի վերացման աշխատանքներ։

Սակայն այդ աշխատանքներից հետո փողոցը մնացել է վատ վիճակում։ Խողովակները դեռևս գցված են գետնին, իսկ տեխնիկայի միջոցով բացված փոսը մինչև այժմ չի փակվել։ Տեղի բնակիչների խոսքերով՝ փոսը այս ընթացքում վերածվել է աղբանոցի։

Բնակչի փոխանցմամբ, երբ ջրամատակարարման մասնաճյուղի աշխատակիցները փոխարինել են ժանգոտված խողովակը նորով, աշխատանքներն ավարտելուց հետո բացված փոսը չեն փակել։

Ինչպես նշում է բնակիչը, «Մեր ժողովուրդը ձեռքի ընկած աղբը նետում է փոսի մեջ, ինչի պատճառով այն արդեն վերածվել է փոքր աղբանոցի»։

Մեկ այլ բնակչի խոսքով՝ փոսի հարևանությամբ, ցանկապատի տակ գտնվող ճանապարհի եզրաքարը արդեն սկսում է նստել, ինչը լրացուցիչ վտանգ է ստեղծում անցնող-դարձող մարդկանց համար։

Բնակիչները պահանջում են պատասխանատու ծառայություններից՝ ավարտին հասցնել սկսված աշխատանքը և վերականգնել փողոցի նորմալ վիճակը։

Խնդրի առնչությամբ դիմեցինք Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի մասնաճյուղի գրասենյակ, որտեղ մեզ հայտնեցին, որ աշխատակիցները կզբաղվեն այդ հարցով։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ի ջրի արտահոսքի դադարեցման աշխատանքներ են իրականացվել Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի մասնաճյուղի աշխատակիցների կողմից։

Ջրի արտահոսքի դադարեցման աշխատանքներ մի շարք փողոցներում

Տեսանյութ․