
Հունիսի 14-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա և Գորելովկա գյուղերում տեղացել է խոշոր կարկուտ։ Տեղումները սկսվել են կեսօրին և տևել մոտ 15 րոպե՝ առաջացնելով վնասներ։
Գյուղերի բնակիչները ակտիվորեն տեսանյութեր և լուսանկարներ էին ուղարկում NOR ռադիոկայանի խմբագրություն՝ ներկայացնելով կարկուտի հետևանքները։
Ինչպես տեղեկացանք տեղացիներից, կարկուտի պատճառով վնասվել են ավտոմեքենաների մասեր, վնասվել են տան տանիքներ, ծակվել է ջերմոց։ Վնասվել են նաև ծառերը, ինչպես նաև տնամերձ հողատարածքներում աճեցվող բանջարաբոստանային կուլտուրաները՝ կաղամբը, սոխը և այլ բույսեր։
Գորելովկայի գյուղապետ Մնացական Բաբաջանյանի խոսքով, տներին մեծ վնաս չի հասցվել, իսկ առավելապես տուժել են ավտոմեքենաներն ու ցանքատարածքների մոտ 30-35 տոկոսը։ Սակայն, եթե ավտոմեքենաներն ու հողատարածքներն ապահովագրված չեն, ապա տերերը չեն կարող դիմել փոխհատուցման համար։ Մինչ այժմ ոչ ոք դիմում չի ներկայացրել։
Դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին՝ պարզելու, թե արդյոք տուժածների կողմից դիմումներ ներկայացված են թե ոչ, նա նշեց, որ այս պահի դրությամբ դիմումներ դեռ չեն ստացվել։
Հարկ է նշել, որ բնական աղետների պատճառած վնասների դեպքում քաղաքապետարանը, բնակչի դիմումի հիման վրա, կազմակերպում է համապատասխան մարմինների կողմից վնասի չափի գնահատում, որի արդյունքում տրամադրվում է համարժեք աջակցություն։
Տեսանյութ՝