
Այսօր՝ հունիսի 18-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղում տոնական տրամադրություն էր։ Երրորդ տարին անընդմեջ նշվում է գյուղի օրը, որը դարձել է համայնքային համախմբման, հպարտության և մշակութային ժառանգության ներկայացման գեղեցիկ առիթ։
Տոնի նախաձեռնողն ու հիմնադիրը Խանչալի գյուղի հարգված ու սիրված ընտանիքներից մեկը՝ Վալեր Ադումյանի ընտանիքն է։ Նրանց անձնական նվիրվածության և համայնքին սրտացավորեն ծառայելու շնորհիվ, գյուղի օրը վերածվել է սպասված և սիրելի միջոցառման՝ ինչպես բնակիչների, այնպես էլ հյուրերի համար։
Տոնական միջոցառումը մեկնարկեց գյուղի սկզբնամասում՝ տպավորիչ տեսարանով՝ վառված կրակի շուրջ դրված սեղաններով, պատրաստված մեծ հյուրասիրություն, որտեղ բնակիչները և հյուրերը հավաքվել էին։
Օրվա ընթացքում կազմակերպվել էին մշակութային ելույթներ՝ հնչեցին ազգագրական երգեր, իսկ երիտասարդները և երեխաները հանդես եկան հայկական ժողովրդական պարերով՝ ներկայացնելով հարուստ ավանդույթներով լեցուն գյուղի մշակույթը։
Մեծ Խանչալիի տոնը վերածվել է ոչ միայն համայնքի ուրախության օրի, այլև ինքնության ու համախմբման խորհրդանիշի։ Այսպիսի նախաձեռնությունները հատկապես կարևոր են՝ պահպանելու և փոխանցելու գյուղի պատմությունը, մշակույթն ու արժեհամակարգը նոր սերունդներին։
Մանրամասները տեսանյութում․