
Հունիսի 18-ին, ժամը 01:00-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղում տեսախցիկը ֆիքսել է արջի։ Ինչպես այսօր ռադիո NOR-ին հայտնել է Գորելովկայի բնակիչներից մեկը, նրանց արթնացրել է տարօրինակ ձայն, իսկ երբ դուրս են եկել, տեսել են, թե ինչպես է արջը սնունդ փնտրելու համար քանդում իրենց տան մոտ գտնվող աղբամանը։ – «Մենք շատ վախեցած էինք: Երբ դուրս եկանք, տեսանք մի արջ, որը տան մոտ գտնվող աղբամանում սնունդ էր փնտրում: Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել, նախքան որևէ մեկը վնասվի»:
Գյուղի մեկ այլ բնակիչ հաստատել է աղբամանի մոտ արջի հայտնվելը. «Ես Գորելովկայում արջ տեսա. գիշերվա ժամը մեկին նա աղբաման էր քանդում։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս խնդրին, քանի դեռ սարսափելի բան տեղի չի ունեցել, և ոչ ոք չի տուժել», – գրում է գյուղի բնակիչը։
Հիշեցնենք, որ վերջերս մի քանի գյուղերում արջերի հայտնվելու դեպքեր են գրանցվել։ Խմբագրությունը բազմիցս ստացել է քաղաքացիներից լուսանկարներ և տեսանյութեր, այդ թվում՝ երեկ ստացված կադրեր, որոնցում հովիվը նկարահանում է արջին Եֆրեմովկա գյուղի անտառի մոտ։
Նինոծմինդայի մունիցիպալիտետում արջի հայտնվելու կապակցությամբ տեղի բնակիչները մտահոգված են և պահանջում են անհապաղ արձագանք համապատասխան ծառայություններից։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին մենք կապ հաստատեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի հետ՝ պարզելու, թե ինչ միջոցառումներ է նախատեսում ձեռնարկել տեղական ինքնակառավարման մարմինը խնդիրը լուծելու համար։ Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ նույն օրը նրանք նամակ են ուղարկել Շրջակա միջավայրի պահպանության և վերահսկողության վարչություն՝ խնդրելով ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Նինոծմինդայի քաղաքապետարանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության հարցերի բաժնի պետ Արման Պողոսյանը հաստատեց այս տեղեկությունը։
«Հունիսի 12-ին մենք պաշտոնապես նամակ ենք ներկայացրել Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարություն։ Նամակում նշել ենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում արջ է հայտնվել, բնակչությունը վախեցած է, իսկ որոշ գյուղերում գրանցվել են անասունների վրա հարձակման դեպքեր։ Այժմ մենք սպասում ենք նախարարության պատասխանին և համապատասխան արձագանքին»։
Արման Պողոսյանի խոսքով՝ իրենք դեռևս պատասխան չեն ստացել Բնապահպանության նախարարությունից և սպասում են դրան 10 օրվա ընթացքում, որոնք դեռևս չեն լրացել։ Համայնքում տեղաշարժվող գիշատիչների քանակի մասին տեղեկություններ չկան։ Բնապահպանության նախարարությունը չի շտապում պատասխանել Նինոծմինդայի քաղաքապետարանի հարցմանը։ Մինչդեռ նրանք պետք է արդեն արձագանքած լինեին բնակիչների կյանքին սպառնացող վտանգին։ Այս ընթացքում քաղցած գիշատիչը կարող է ոչ միայն աղբարկղեր փորփրել, այլև հարձակվել մարդկանց վրա։
Տեղի բնակիչները դեռևս սպասում են համապատասխան մարմինների միջամտությանը և հույս ունեն, որ ժամանակին կձեռնարկվեն կանխարգելիչ միջոցառումներ՝ հնարավոր սպառնալիքից խուսափելու համար։