Օգոստոսի 13-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղում տեղի ունեցավ դեռևս ապրիլ ամսին տեղադրված 8 մետրանոց խաչի հանդիսավոր բացման արարողությունը:
Խաչը տեղադրվել էր Արարատ Տոներյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ: Արարատ Տոներյանը ծնունդով Փոքր Գոնդուրա գյուղից է և այժմ ապրում է Ռուսաստանում:
Խաչի օծման արարողությունը իրականացրեց քահանա Տեր Արմաշ Պողոսյանը: Տեղում կատարվեց նաև խաղողի օրհնման ծիսակարգ, քանի որ խաչի բացման արարողությունը համընկավ Սուրբ Աստվածամոր վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնի հետ: Այնուհետև օրհնված խաղողը բաժանվեց ներկաներին:
Խաչի բացման արարողությանը մասնակցում էր նաև Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնի պարի անսամբլը:
Արարատ Տոներյանը իր խոսքում նշեց, որ խաչը տեղադրել է գյուղացիների համար: Նրա խոսքով` այն նրանց կպաշտպանի չարից և փորձություններից:
Արարողության ավարտին հյուրերին և գյուղի բնակիչներին մատաղ բաժանվեց:
Մանրամասները դիտեք տեսանյութում.
Գարուշ Արզումանյան