
Նինոծմինդայի Լերմոնտով փողոցի բնակիչները NOR ռադիոկայանին հայտնել են, որ իրենց փողոցում արդեն տևական ժամանակ է՝ չի գործում երկու գիշերային լուսարձակ։ Մասնավորապես, մեկ լամպը չի աշխատում մոտ վեց ամիս, իսկ երկրորդը՝ արդեն շուրջ 15-20 օր։
Բնակիչներից մեկը լուսանկարներ է տրամադրել տվյալ փողոցից և նշում. «Քանի որ փողոցում թույլ լուսավորություն է, երեկոյան ժամերին փողոց դուրս գալը վտանգավոր է, վախենում ենք թափառող շների հարձակումից։ Թեպետ բազմիցս տեղեկացրել ենք պատկան մարմիններին, սակայն մինչ այսօր որևէ փոփոխություն չի կատարվել, և եթե չեն կարող փոխել լամպերը, թող ասեն, որ չսպասենք»։
Նրա խոսքով, գիշերային լուսավորության նմանատիպ խնդիրներ առկա են նաև Նինոծմինդայի այլ փողոցներում։
Խնդրի մանրամասները պարզելու նպատակով NOR ռադիոկայանի լրագրողը կապ հաստատեց Նինոծմինդայի կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանի հետ։ Նա հաստատեց, որ տեղյակ են խնդրից և մանրամասներ ներկայացրեց հետևյալ կերպ․
«Լրացուցիչ գիշերային լուսավորության տեղադրման աշխատանքներով զբաղվում է ընկերություն, որը մրցույթով է ընտրվել։ Ըստ պայմանագրի՝ նրանք մեկ տարվա ընթացքում պարտավոր են իրականացնել աշխատանքները։ Շատ քաղաքացիներ արդեն դիմել են մեզ նմանատիպ խնդիրներով։ Եթե լամպը մեր պատասխանատվության տակ է, ապա հարցը կլուծենք հնարավորինս արագ։ Մեր աշխատակիցները այս պահին տեղում չեն, սակայն վերադառնալուն պես կայցելեն նշված վայր և կփոխեն անսարք լամպերը»։