Երեք տարի տևած Նինոծմինդայի բազմահարկ շենքերի վերանորոգումը դեռևս մնում է կիսատ-պռատ

Երեք տարի տևած Նինոծմինդայի բազմահարկ շենքերի վերանորոգումը դեռևս մնում է կիսատ-պռատ

Նինոծմինդայում բազմահարկ շենքերի ճակատների վերանորոգման աշխատանքները դեռևս ավարտված չեն և մնում են խնդրահարույց։

Շենքերի վերանորոգման աշխատանքները սկսվել են 2023 թվականի հուլիսին։ Նախագծով նախատեսված էր վերանորոգել Նինոծմինդա քաղաքի Ազատության փողոցի (թիվ 7, 8, 9, 10, 12, 21, 54, 56), Տերյան փողոցի թիվ 24 և Հովսեփյան փողոցի 18-րդ համարի շենքը։

Այդ աշխատանքներն իրականացնելու համար 2023 թվականին տեղական բյուջեից հատկացվել էր 680 հազար լարի։ Մրցույթը շահել էր «Իքս-2» ընկերությունը՝ առաջարկելով 675,391 լարի։ Նախագծի համաձայն՝ շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին 24 շաբաթվա ընթացքում։

Աշխատանքային պլանը ներառում էր պատերից հին ավազ-ցեմենտի մնացորդների հեռացում, դրանց նոր սվաղում և ճակատի ներկում անջրանցիկ ներկով։ Նախատեսվում էր նաև ապամոնտաժել մուտքերի պատուհանները և տեղադրել մետաղապլաստե պատուհաններ, ինչպես նաև վերանորոգել տանիքը և տեղադրել ջրատար։

«Իքս-2» ընկերության ղեկավար Գեորգի Խոզրեւանիձեն 2024 թվականի ապրիլին հայտարարել էր, որ նախագիծը կավարտվի ժամանակին՝ 2024 թվականի հունվարի 23-ին։

Սակայն եղանակային պայմանների վատթարացման պատճառով վերանորոգման աշխատանքները դադարեցվել էին 2023 թվականի նոյեմբերին։

2024 թվականի ապրիլին աշխատանքները վերսկսվել են։ «Իքս-2»-ի տնօրեն Գեորգի Խոզրեւանիձեի խոսքերով՝ նրանք դեռ ունեին երկու ամիս ժամանակ աշխատանքներն ավարտելու համար, իսկ աշխատանքների մոտ 70 տոկոսը, իբր, արդեն ավարտված էր։

Չստանալով պաշտոնական տեղեկատվություն Նինոծմինդայի քաղաքապետարանից՝ NOR ռադիոկայանի լրագրողները ուսումնասիրեցին գնումների մրցույթների էջը, որտեղից պարզ դարձավ, որ 2024 թվականի սեպտեմբերի 30-ին հայտարարվել է նոր մրցույթ՝ բազմաբնակարան շենքերի և տների ճակատային հատվածների վերականգնման աշխատանքների համար։ Մասնավորապես՝ վերականգնման աշխատանքները վերաբերում են այն նույն շենքերին, որոնց վերանորոգումը արդեն իսկ պետք է ավարտված լիներ։

  • Ազատության փողոց՝ շենքեր №7, №8, №9, №10, №12, №21, №54 և №56,
  • Տերյան փողոց՝ շենք №24,
  • Հովսեփյան փողոց՝ շենք №18։

Այս մրցույթը շահել է «Նիքոլա» ընկերությունը՝ 299,999 լարիով, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է մունիցիպալ բյուջեից։ Հարկ է նշել, որ այս պահին վերանորոգման որևէ աշխատանք չի իրականացվում։

Ըստ այս նախագծի՝ վերականգնման աշխատանքները ներառում են շենքերի ճակատային հատվածների նորոգում, ջերմամեկուսացում, ներկում և արտաքին տեսքի բարելավում՝ բնակիչների անվտանգությունն ու բնակելի պայմանների որակը բարձրացնելու, ինչպես նաև քաղաքին ավելի գեղեցիկ տեսք հաղորդելու նպատակով։

Վերոնշյալ շենքերի բնակիչներն այլեւս հույս չունեն, որ շենքերի ճակատային վերանորոգումը երբևիցե կավարտվի։ Բնակիչներից մեկն ասաց. «Մեկ տարվա ընթացքում շենք եմ կառուցել, իսկ իրենք արդեն երեք տարի է՝ չեն կարողանում մի պատ ներկել, գործը գլուխ բերել»։ Մյուսը հավելեց. «Գալիս են, կիսատ-պռատ անում են, յանի՝ սարքում են, բայց բան դուրս չի գալիս»։ «Մեր կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրում, ինչ ուզում՝ անում են»,- ավելցրեց մեկ այլ բնակիչ

Հովսեփյան 18

Լուսանկարը արխիվից․

Լուսանկարը՝ 24․ 06․ 2025

Ազատություն 7․

Կարդացեք նաև՝

Շենքերի ճակատների վերանորոգման գործընթացը և դրանից առաջացած անհարմարությունը

Երբ կվերսկսվեն շենքերի արտաքին վերանորոգման աշխատանքները

Շենքերի արտաքին հարդարման աշխատանքները վերսկսվել են

Շենքերի արտաքին վերանորոգման աշխատանքները վերսկսվել են