Իրանը վճռական պատասխան կտա ագրեսիային. Փեզեշքիան

Իրանը վճռական պատասխան կտա ագրեսիային. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ իր երկիրը վճռական և կոշտ պատասխան կտա ԱՄՆ-ի աջակցությամբ գործող իսրայելական ռեժիմի ագրեսիային։

Շաբաթ ուշ երեկոյան Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է, որ իր վարչակազմի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը խաղաղության հաստատումն է և տարածաշրջանային ու իսլամական երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը, հաղորդում է Mehrnews-ը (զրույցը, ըստ ամենայնի, տեղի է ունեցել նախքան ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին)։

Վերադառնալով Իրանի դեմ շարունակվող իսրայելական ագրեսիային՝ նախագահը նշել է, որ եթե այս հարձակումները շարունակվեն, Իրանը վճռական հակահարված կհասցնի։

Փեզեշքյանը նաև հայտարարել է, որ իսրայելական ռեժիմը փորձում է ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ՝ շեշտելով, որ Թեհրանը չի թույլ տա, որպեսզի Իսրայելը Իրանի և տարածաշրջանի մյուս մահմեդական երկրների միջև բախում սադրի։

Նա հավելել է, որ խաղաղությունը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության համար և քննադատել է Իսրայելի պատերազմական քաղաքականությունը։

Իր հերթին, Եգիպտոսի նախագահը կտրականապես դատապարտել է Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ՝ նշելով, որ Կահիրեն ակտիվացրել է իր դիվանագիտական ջանքերը Վաշինգտոնի հետ՝ լարվածության թուլացման և դիվանագիտական լուծման հնարավորությունների բացման նպատակով։

Էլ-Սիսին ընդգծել է, որ Եգիպտոսը կողմ է Իրանի միջուկային հարցի դիվանագիտական կարգավորմանը և մերժում է ռազմական տարբերակը՝ համարելով այն լարվածության խորացման միջոց։

Civilnet.am