
Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածներ հասցնելու՝ աննախադեպ որոշմամբ՝ միանալով Իսրայելի հարձակմանը իր տարածաշրջանային գլխավոր հակառակորդի դեմ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արեց այն, ինչից երկար ժամանակ փորձում էր խուսափել՝ ռազմական միջամտություն մեծածավալ օտար պատերազմի մեջ, գրում է Reuters-ը։
ԱՄՆ-ի հարձակումը, որը ներառել է նաև Իրանի ամենաապահով միջուկային օբյեկտներից մեկի՝ Ֆորդոուի կայանի թիրախավորումը երկրի խորքում, Թրամփի երկու նախագահական ժամկետների ընթացքում նրա ամենախոշոր արտաքին քաղաքական խաղադրույքն է՝ լեցուն ռիսկերով և անորոշություններով։
Թրամփը շաբաթ հայտարարեց, որ Իրանը պետք է այժմ ընտրի խաղաղությունը կամ պատրաստ լինի նոր հարվածների։ Փորձագետների կարծիքով՝ այս հայտարարությունը կարող է դրդել Թեհրանին փակել Հորմուզի նեղուցը՝ աշխարհի նավթի ամենակարևոր անցուղին, հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանների ու դաշնակիցների վրա, ուժեղացնել հրթիռային հարվածները Իսրայելի դեմ կամ գործի դնել իր մերձավոր խմբավորումները՝ ամբողջ աշխարհում վնաս հասցնելու ամերիկյան և իսրայելական շահերին։
Այդ գործողությունները կարող են վերաճել ավելի լայնածավալ և երկարատև հակամարտության, քան Թրամփը ենթադրում է՝ հիշեցնելով այն «հավերժ պատերազմները», որոնք ԱՄՆ-ն վարեց Իրաքում և Աֆղանստանում։ Այդ պատերազմներն ինքը Թրամփը պարբերաբար քննադատում էր որպես «անիմաստ» և խոստանում՝ երբեք չի ներգրավվի նման հակամարտությունների մեջ։
«Իրանը ռազմական առումով լրջորեն թուլացել է»,– ասում է Մերձավոր Արևելքի հարցերով ամերիկացի նախկին դիվանագետ Աարոն Դեյվիդ Միլլերը. «Բայց նրանք ունեն մի շարք ոչ սիմետրիկ պատասխաններ… Սա արագ ավարտ չի ունենալու»։
Հարվածներից առաջ Թրամփը տատանվում էր ռազմական սպառնալիքների և բանակցությունների կոչերի միջև՝ փորձելով համոզել Թեհրանին դադարեցնել իր միջուկային ծրագիրը։ Սակայն Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի փոխանցմամբ՝ երբ Թրամփը համոզվեց, որ Իրանը չի պատրաստվում համաձայնության գալ, որոշեց, որ հարվածները «ճիշտ որոշումն են»։
Նա հավանություն տվեց հարձակմանը միայն այն ժամանակ, երբ վստահ էր «բարձր հաջողության հավանականության» վրա։ Այդ համոզմունքը ձևավորվել էր ավելի քան մեկ շաբաթ շարունակ Իսրայելի կողմից Իրանի միջուկային ու ռազմական օբյեկտների վրա իրականացված օդային հարձակումներից հետո, որոնք ճանապարհ էին հարթել ամերիկյան հարվածների համար։
Թրամփը հարվածները ներկայացրել է որպես «մեծ հաջողություն»՝ ընդգծելով, որ օգտագործվել են հզոր «բունկեր-կոտրիչ» ռումբեր՝ Ֆորդոուի կայանի դեմ։ Սակայն որոշ փորձագետներ զգուշացնում են, որ թեև Իրանի միջուկային ծրագիրը կարող է տարիներով հետ մղվել, վտանգը դեռ լիովին չի վերացել։
Իրանը հերքում է, որ ձգտում է միջուկային զենքի՝ պնդելով, որ իր ծրագիրը խաղաղ նպատակներով է։
ԱՄՆ-ում գործող, ոչ կուսակցական «Զենքերի վերահսկման ասոցիացիան» հայտարարություն է տարածել՝ նշելով․ «Երկարաժամկետ հեռանկարում ռազմական գործողությունները կարող են մղել Իրանին եզրակացնելու, որ զսպման համար անհրաժեշտ է միջուկային զենք, իսկ Վաշինգտոնն իրականում շահագրգռված չէ դիվանագիտությամբ»։
Նրանց գնահատմամբ՝ միայն ռազմական հարվածներով հնարավոր չէ ոչնչացնել Իրանի գիտական ներուժը․ ծրագիրը հետ կմղվի, սակայն մեծանում է հավանականությունը, որ Թեհրանը որոշի վերականգնել իր զգայուն միջուկային կարողությունները։
Ֆլորիդայի միջազգային համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Էրիկ Լոբն ասել է, որ Իրանի հաջորդ քայլը դեռ պարզ չէ, սակայն հավանական պատասխան տարբերակներից կարող են լինել ԱՄՆ-ի ու Իսրայելի «փափուկ թիրախների» հարվածները տարածաշրջանում և դրանից դուրս։
Նա նաև նշել է, որ հնարավոր է՝ Իրանը վերադառնա բանակցությունների սեղան, թեև շատ ավելի թույլ դիրքերից, կամ փորձի դիվանագիտական ելք գտնել։
Սակայն հարվածներից անմիջապես հետո Իրանը հաշտության որևէ պատրաստակամություն չի ցուցաբերել։
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ թույլ չի տա իր «ազգային արդյունաբերության» զարգացումը դադարեցվի։ Պետական հեռուստատեսության մեկնաբանն էլ ասել է, որ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ցանկացած քաղաքացի կամ զինվորական կարող է դառնալ լեգիտիմ թիրախ։
Carnegie հիմնադրամի վերլուծաբան Քարիմ Սաջադփուրը X-ում գրել է․ «Թրամփն ասում է, որ ժամանակն է խաղաղության։ Սակայն անորոշ է ու քիչ հավանական, որ Իրանը նույն կերպ ընկալի։ Սա ավելի շատ նման է ԱՄՆ-Իրան 46-ամյա պատերազմում նոր գլխի բացման, ոչ թե դրա փակման»։
Որոշ վերլուծաբաններ նշում են, որ թեև Թրամփի վարչակազմը մինչ այժմ հերքել էր Իրանի ղեկավարության վերացման նպատակները, սակայն կարող է ներքաշվել «ռեժիմի փոփոխության» գործընթացում, եթե Թեհրանը դիմի պատասխան խոշոր քայլերի կամ սկսի միջուկային զենք ստեղծել։
Դա էլ իր հերթին նոր վտանգներ կբերի։
«Զգույշ եղեք. ռեժիմի փոփոխությանն ուղղված գործողությունները հաճախ վերածվում են ձախողված առաքելությունների»,– ասում է Լաուրա Բլումենֆելդը՝ Մերձավոր Արևելքի վերլուծաբան Johns Hopkins համալսարանի Միջազգային հետազոտությունների դպրոցում։ «ԱՄՆ-ի բազմաթիվ ձախողված բարոյական արշավների մնացորդները թաղված են Մերձավոր Արևելքի ավազների մեջ»։
Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախկին հետախուզական պաշտոնյա Ջոնաթան Փանիքոֆն էլ հավելում է, որ Իրանի իշխանությունը «կարձագանքի խիստ անհամաչափ հարվածներով», եթե զգա, որ իր գոյությանը սպառնալիք կա։
Միաժամանակ Թեհրանը պետք է հաշվի առնի հետևանքները։ Օրինակ՝ Հորմուզի նեղուցի փակումը նավթի գների աճի պատճառով կարող է տնտեսական խնդիրներ առաջացնել հենց ԱՄՆ-ում՝ գնաճի տեսքով։ Սակայն դա նաև կվնասի Չինաստանին՝ Իրանի խոշոր դաշնակիցներից մեկին։
Թրամփը նաև ներսում է բախվում դիմակայության․ դեմոկրատական Կոնգրեսը քննադատում է նրա որոշումը։ Ընդդիմություն կա նաև հենց Հանրապետական կուսակցության ներսում։
Թրամփը, որն իր առաջին ժամկետում չի բախվել միջազգային որևէ խոշոր ճգնաժամի, այժմ նոր պատերազմական ճակատ է բացել՝ երկրորդ ժամկետի մեկնարկից ընդամենը վեց ամիս անց։
Թեև նա հույս ունի, որ ԱՄՆ-ի ռազմական ներգրավվածությունը կլինի սահմանափակ և կարճաժամկետ, պատմությունը ցույց է տալիս, որ նման պատերազմները հաճախ անկանխատեսելի զարգացումներ են ունենում։
«Թրամփը վերադարձել է պատերազմի գործին,– ասում է Ռիչարդ Գոուանը՝ Միջազգային ճգնաժամային խմբի ՄԱԿ-ի գրասենյակի տնօրենը։- Ես վստահ չեմ, որ Մոսկվայում, Թեհրանում կամ Պեկինում երբևէ հավատացել են, որ նա խաղաղության ջատագով էր։ Դա միշտ ավելի շատ հնչում էր որպես նախընտրական կարգախոս, ոչ թե ռազմավարություն»։