
Թբիլիսիում բացվել է լեգենդար իտալական Lamborghini ավտոարտադրողի առաջին պաշտոնական ցուցասրահը։ Այս մասին հայտնել է Tegeta Holding-ը, որը դարձել է ապրանքանիշի բացառիկ ներկայացուցիչը Վրաստանում։
Կենտրոնը գտնվում է Աղմաշենեբելի պողոտա 129 հասցեում։ Ըստ արարողությանը ներկա Automobili Lamborghini-ի նախագահ Ստեֆան Վինկելմանի՝ վրացական շուկա մուտք գործելու որոշումը կայացվել է տարածաշրջանում ապրանքանիշի նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին։
«Մեր մեքենաների նկատմամբ այստեղ մեծ պահանջարկ կա, բայց մեր ներկայությունը միայն վաճառքի մասին չէ, այլ ապրանքանիշի ավելի լայն ընդլայնման ռազմավարության մի մասն է», – նշել է Վինկելմանը։
Բացման ժամանակ նաև ներկայացվել է նոր Lamborghini Temerario սուպերմեքենան՝ հիբրիդային մոդել՝ 920 ձիաուժ հզորությամբ տուրբո լիցքավորված V8 շարժիչով, որը կարող է զարգացնել մինչև 10 հազար պտույտ րոպեում։
Tegeta Holding-ի գործադիր տնօրեն Եկատերինե Քավթարաձեն ընդգծել է, որ ցուցասրահի բացումը կնշանակի նոր գլխի սկիզբ ինչպես ընկերության, այնպես էլ երկրի ամբողջ ավտոարդյունաբերության համար։
Ընկերության տվյալներով՝ 300 քմ մակերեսով ցուցասրահը կառուցված է ապրանքանիշի համաշխարհային չափանիշներին համապատասխան և ներառում է ութ սպասարկման կետ՝ ժամանակակից սարքավորումներով և անվտանգության համակարգերով: Ցուցասրահում կա Ad Personam կոնֆիգուրատոր, որի միջոցով հաճախորդը կարող է անհատականացնել մեքենայի պատվերը։
Lamborghini-ի հաղորդմամբ՝ Վրաստանը դարձել է ապրանքանիշի ներկայության 56-րդ երկիրը: Ընկերության պաշտոնական դիլերների ցանցը ներառում է 185 կենտրոն ամբողջ աշխարհում։