
Հաագայում հանդիպել են Դոնալդ Թրամփը և Վոլոդիմիր Զելենսկին: Բանակցությունները տևել են ավելի քան 40 րոպե: Ուկրաինայի նախագահը բովանդակալից է որակել Սպիտակ տան ղեկավարի հետ զրույցը:
«Քննարկել ենք ամենակարևոր հարցերը: Գնահատում ենք խաղաղությանը նպաստելու՝ Վաշինգտոնի պատրաստակամությունը»,- նշել է Զելենսկին:
Ավելի ուշ Թրամփը լրագրողների հետ մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ Զելենսկու հետ չի քննարկել հրադադարի հարցը:
«Ուղղակի ցանկանում էի տեղեկանալ՝ ինչպես է նա: Հիանալի հանդիպում էր», – ընդգծել է Դոնալդ Թրամփը, հավելել՝ ԱՄՆ-ը կդիտարկի Ուկրաինային Patriot համակարգերի մատակարարման հարցը:
Նրա խոսքով՝ Զելենսկին և Պուտինը ցանկանում են, որ պատերազմն ավարտվի: ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում կզրուցի Ռուսաստանի նախագահի հետ: ԱՄՆ պետքարտուղարն էլ անդրադարձել է Մոսկվայի դեմ հնարավոր նոր պատժամիջոցներին։
«Սպիտակ տան կարծիքով՝ եթե հակառուսական պատժամիջոցներ կիրառվեն, դա կնշանակի, որ Մոսկվայի հետ բանակցությունների պատուհանը, ամենայն հավանականությամբ, կփակվի»,- նշել է Մարկո Ռուբիոն՝ տեղեկացնելով, որ այդ հարցով գործակցում են Կոնգրեսի հետ։
«Հարկավոր է ճիշտ պահ ընտրել», – շեշտել է դիվանագետը: