
Եֆրեմովկայի միակ ճանապարհը երկար տարիներ անմխիթար վիճակում է։ Գյուղի բնակիչներից մեկը հարց է ուղղել NOR ռադիոկայանին, թե ինչ տեղեկություն կարող ենք տրամադրել Եֆրեմովկա գյուղի ճանապարհի ասֆալտապատման վերաբերյալ։ Պարզելու համար արդյոք Եֆրեմովկայի գյուղամիջյան ճանապարհը կասֆալտապատվի այս տարի, թե ոչ, կապ հաստատեցինք Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանի հետ։
Ինչպես նշեց Մնացական Բաբաջանյանը, մշակված է ծրագիր, որի համաձայն նախատեսվում է ասֆալտապատել շուրջ 1000 մետր գյուղամիջյան ճանապարհ, սակայն ֆինանսավորում չկա։ Այս տարի միայն իրականացվելու է ճանապարհի հարթեցում, ասֆալտապատում չի լինի , մյուս տարի էլ հարցական է։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 3-ին NOR ռադիոն անդրադարձել էր Եֆրեմովկայի ճանապարհի անմխիթար վիճակին։ Այդ ժամանակ գյուղի ներկայացուցիչը նշել էր , որ կտարվեն ճանապարհի հարթեցման աշխատանքներ, սակայն 2024-ի նոյեմբերի 8-ին կրկին անդրադառնալով այս խնդրին, պարզվեց, որ այդպես էլ չիրականացվեցին հարթեցման աշխատանքները։ Գյուղի բնակիչները հաճախ նշում են, որ նման պայմանները ոչ միայն սահմանափակում են շարժունակությունը, այլ նաև դառնում պատճառ գյուղը լքելու։
Մանրամասները կարդացեք նախորդ նյութում՝
Եֆրեմովկա գյուղի միակ ճանապարհը կրկին մնում է չվերանորոգված
Եֆրեմովկան կանգնած է ոչ միայն ճանապարհային, այլ նաև մի շարք այլ սոցիալական խնդիրների առաջ։ Գազամատակարարման բացակայության պայմաններում, երկարատև և սառնաշունչ ձմեռները խիստ ծանր են անցնում։ Բնակիչները ստիպված են օգտվել ջեռուցման այլընտրանքային միջոցներից՝ վառելափայտից, ածուխից և աթարից, ինչը բերում է թե՛ ֆինանսական ծանրաբեռնվածության, և թե՛ բնապահպանական վնասների, ինչպես նաև տանջանքներով լի աշխատանքի։
Գյուղը չունի նաև մանկապարտեզ, խմելու ջրի խնդիրը նույնպես շարունակում է մնալ չլուծված։ Այս հիմնախնդիրները ավելի են խորացնում բնակչության սոցիալական մեկուսացումը և սահմանափակում բնակիչների զարգացման հնարավորությունները։
Եֆրեմովկա գյուղի միակ ճանապարհը ասֆալտապատված չէ. Ի՞նչ է նախատեսում քաղաքապետարանը