Ավարտական միջոցառում Նինոծմինդայի երաժշտական դպրոցում. ՖՈՏՈ

Ավարտական միջոցառում Նինոծմինդայի երաժշտական դպրոցում. ՖՈՏՈ

Այսօր՝ հունիսի 28-ին, Նինոծմինդայի երաժշտական դպրոցում կայացավ շքեղ և հուզիչ ավարտական միջոցառում։ Դպրոցին հրաժեշտ տվեցին թվով 30 շրջանավարտներ, որոնցից 28-ը՝ դհոլահարներ, իսկ 2-ը՝ դաշնակահարներ։

Միջոցառման ընթացքում գերազանցությամբ ավարտած աշակերտներին հանձնվեցին գովասանագրեր՝ որպես գնահատանք ուսման տարիների ջանասիրության և նվիրումի համար։ Մնացած շրջանավարտներն էլ արժանացան խրախուսական հուշանվերների։

Միջոցառումը հագեցած էր շնորհակալական և երախտիքի խոսքերով՝ ուղղված դպրոցի մանկավարժական անձնակազմին՝ իրենց տարիների նվիրված աշխատանքի և հոգատարության համար։

Շրջանավարտները հանդես եկան երգով, պարով և երաժշտական կատարումներով՝ ցուցադրելով այն ունակությունները, որոնք ձեռք են բերել ուսման տարիներին։ Նրանց կատարումները լի էին հույզերով ու նվիրումով։

Հատուկ ելույթներով հանդես եկան նաև «Կովկասյան ռիթմեր» և Սաթխա գյուղի «Նոր շունչ» դհոլի խմբերը՝ տպավորիչ և էներգիայով լեցուն համարներով։

Վերջին զանգը միայն հրաժեշտ չէ դպրոցին, այլև նոր կյանքի՝ ավելի պատասխանատու և ինքնուրույն ուղու սկիզբ։

Երաժշտական դպրոցի փոխտնօրեն Իզաբելլա Նազարյանը իր խոսքում նշեց․
«Եթե յուրաքանչյուր երեխա սրտով ընդունում է երաժշտությունը, ապա նա կարող է հաղթահարել ամեն դժվարություն։ Թող ձեր կյանքի յուրաքանչյուր նոտան դառնա սիրո, երջանկության և համերաշխության մեղեդի։»

Ուսուցչուհի Լարիսա Ղարսլյանն էլ իր ելույթում հավելեց․
«Այսօր շատ կարևոր օր է մեր երեխաների և մեր կոլեկտիվի համար։ Մաղթում ենք մեր շրջանավարտներին փայլուն ապագա, և թող նրանք հասնեն իրենց բոլոր նպատակներին՝ թե՛ արվեստի, թե՛ ցանկացած այլ ոլորտում։»

Մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Ավարտական միջոցառում Նինոծմինդայի երաժշտա կան դպրոցում

Տեսանյութ․



Opinion, pooling and voting