
Այսօր` հուլիսի 1-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում առաջին անգամ անցկացվեց գյուղի տոնը, որը կազմակերպվել էր գյուղում և դրսում ապրող ղուլալիսցիների համատեղ ուժերով։ Տոնը գյուղ էր բերել մեծ թվով ղուլալիսցիների, ովքեր ժամանել էին ոչ միայն հարակից բնակավայրերից, այլ նաև արտերկրից՝ մասնակցելու միջոցառմանը, վերամիավորվելու հարազատների հետ և կիսելու համայնքային տոնի ուրախությունը։
Միջոցառման հանդիսավոր մեկնարկը տրվեց գյուղի բարձունքում այս տարի տեղադրված խաչի օծմամբ։ Խաչն օրհնվեց Տեր-Արմաշ քահանայի կողմից՝ աղոթքներով խաղաղության, միասնության ու գյուղի զարգացման համար։
Տոնական միջոցառմանը ներկա էին քաղաքական գործիչներ, մշակույթի նշանավոր ներկայացուցիչներ, հյուրեր տարբեր շրջաններից, ինչպես նաև համայնքի ակտիվ անդամներ։ Տոնին մասնակիցները վայելեցին երգ, պար, աշուղական արվեստ և հյուրասիրություն։
Տոնական տրամադրությանը հատուկ գույներ հաղորդեցին հայտնի կատարողներ՝ երգիչ Մասիս Հունանյանը, Խաչիկ Արենցը, ինչպես նաև աշուղ Լեյլին, ում հուզիչ կատարումները հաղորդեցին միջոցառմանը յուրահատուկ ջերմություն և հայկական աշուղական արվեստի խոր հնչերանգ։
Ղուլալիսցիները հույս հայտնեցին, որ այս նախաձեռնությունը կդառնա ամենամյա գեղեցիկ ավանդույթ և ամեն տարի կնշվի մեծ շուքով, որը կհիշեցնի բոլորին իրենց արմատների, հայրենի հողի ու ազգային արժեքների մասին։
Ղուլալիս գյուղի նախկին բնակիչ Ահարոն Նալբանդյանը, ով ժամանել էր Ռուսաստանի Դաշնությունից, նշեց․ «Մենք ուզում էինք որևէ լավ բան անել մեր գյուղի համար և որոշեցինք Խաչ տեղադրել։ Սկսած այս տարվանից, յուրաքանչյուր տարվա հուլիսի վերջին կիրակին կլինի մեր գյուղի տոնը։ Սա առաջին տարին է, որ նշում ենք գյուղի տոնը, սակայն պլանավորում ենք այն դարձնել ամենամյա ավանդույթ և ուրախանալ մեր համագյուղացիների հետ»։
Մանրամասները աուդիոնյութում
Արմեն Խաչատրյանը, ով ծնունդով Ղուլալիս գյուղից է, խոսեց գյուղի պատմության մասին և ընդգծեց, որ այս տոնն առաջին անգամ է նշվում գյուղում։ «Մեր գյուղի զավակները, ապրելով արտերկրում, նախաձեռնություն են ցուցաբերել և խաչ են տեղադրել։ Այսօր խաչի բացման հանդիսավոր արարողությունն է, որը դարձավ գյուղի տոնը։ Այսպիսի տոները կարևոր են ոչ միայն մեր գյուղի, այլև ողջ հայ ազգի համար, որովհետև դեռևս 301 թվականից սկսած՝ ինչպես որ խաչը միավորել է հայ ժողովրդին, այսօր էլ այն միավորում է մեր գյուղի զավակներին։ Սա մեծ տոն է, մեծ ուրախություն։ Շնորհակալություն եմ հայտնում մեր համագյուղացիներին և հատկապես դրսում բնակվող գյուղացիներին՝ այս նախաձեռնության և աջակցության համար»,- ասաց նա։
Արմեն Խաչատրյանի հետ զրույցը՝ աուդիոնյութում․
Ղուլալիսում հայեր են ապրել դեռևս միջնադարում։ Դրա վառ ապացույցն է գյուղի հյուսիսարևելյան եզրին տարածված 13-14-րդ դարերի հայկական ընդարձակ գերեզմանատունը։ Ավելի ուշ 1800 ականներին մի քանի հայ ընտանիք այստեղ են եկել Էրզրումի նահանգի երեք գյուղերից։ Սակայն գյուղում երեք ազգություն համարվում են եռլականներ այսինքն տեղաբնիկներ, Ղուլալիսը ունի հագեցած պատմություն և սերունդները շարունակում են հպարտորեն կրել այդ պատմությունը և այն փոխանցել սերնդե սերունդ։ Իսկ սերունդները յուրահատուկ կերպով են հարգում ու մեծարում իրենց գյուղին։
Տեսանյութ․
Ֆոտոշարք․