100 հեկտար հողատարածքի խնդիրը Վլադիմիրովկայում

100 հեկտար հողատարածքի խնդիրը Վլադիմիրովկայում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Վլադիմիրովկա գյուղի բնակիչները, դիմել են NOR ռադիոկայանին լուսաբանելու իրենց խնդիրը։ Վլադիմիրովկայի բնակիչները նշում են, որ շուրջ 100 հեկտար հողատարածքը, որը երկար տարիներ օգտագործել են անասուններին արածեցնելու համար, հանվել է աճուրդի՝ առանց բնակիչներին տեղյակ պահելու։ Տեղացիների խոսքով՝ այդ տարածքը ձեռք է բերել Փոկա գյուղի բնակիչ Ս. Մ.-ն։

Բնակիչները նշում են, որ հողատարածքն արդեն վաճառվել է, և այժմ իրենք այլընտրանքային տարածք չունեն անասնապահությամբ զբաղվելու համար։ Նրանք նախազգուշացնում են, որ եթե հարցը լուծում չստանա, ստիպված կլինեն դիմել Թբիլիսի։ Մարդիկ մտահոգված են, որ գյուղատնտեսությունը կարող է ամբողջությամբ վերանալ կամ իրենք ստիպված կլինեն լքել գյուղը։ Բացի այդ, հայտարարում են, որ ողջ գյուղով չեն մասնակցի ՏԻՄ ընտրություններին։

«Այս խնդիրը ծագել է ԽՍՀՄ փլուզումից հետո։ Սովետական տարիներին Վլադիմիրովկա գյուղը ունեցել է 1050 հեկտար հողատարածք, սակայն հողատարածքները դարձնելով մի ամբողջություն, փոխանցվել է Փոկա գյուղին։ Ինչից հետո գյուղացիները մշտապես բախվել են արոտավայրի բացակայության խնդրին»։

NOR ռադիոկայանը դիմեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին։ Վերջինս հայտնեց, որ հողատարածքը աճուրդի է հանել պետությունը, և յուրաքանչյուր քաղաքացի կարող էր մասնակցել։ Նրա խոսքով՝ բնակիչները արդեն ութ տարի տեղյակ էին այդ մասին։ Պետությունը պարտավոր է հողերը հանել աճուրդի՝ պետությանը եկամուտ ապահովելու նպատակով։

Նշենք, որ բնակիչները նաև գրավոր նամակով են դիմել քաղաքապետարան։ Պատասխան նամակում քաղաքապետը նշել է․

«Հողատարածքը վարձակալության է տրամադրված հողերի կայուն կառավարման և հողօգտագործման մոնիթորինգի ազգային գործակալության կողմից։ Ուստի Նինոծմինդայի քաղաքապետարանը իրավասու չէ լուծել վերոնշյալ խնդիրը»։

Մանրամասները տեսանյութում՝