Ասպինձայում հրդեհի հետևանքով 16 բնակարան վնասվել է

Ասպինձայում հրդեհի հետևանքով 16 բնակարան վնասվել է

Հուլիսի 1-ի գիշերը Ասպինձայի շրջանում հրդեհ է բռնկվել. այրվել է Ռուսթավելի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող երկհարկանի բնակելի շենքը։ Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատներ, այդ թվում՝ Ախալցիխեից։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հայտնում է sknews.ge-ն։

Տեղացիների խոսքով՝ այրված շենքում կա ընդհանուր 16 բնակարան, սակայն դրանցից մի քանիսը մշտապես բնակեցված չեն։

Բնակարաններում ծուխ է նկատվել մոտավորապես ժամը 22:00-ին, որից հետո բնակիչները սկսել են ինքնուրույն տարհանումը։

Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մագրաքվելիձեի խոսքով՝ հրդեհից տուժածներին օգնելու նպատակով ստեղծվել է արտակարգ իրավիճակների շտաբ, որը ներկայումս ուսումնասիրում է բնակիչների կարիքները։

«Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Մենք գտնվում ենք շտաբում և աշխատում ենք այս մարդկանց ապագայի ու աջակցության ուղղությամբ՝ արտակարգ ռեժիմով։ Արդեն հանդիպել ենք բնակիչների հետ և ներկայացրել այն օգնության տարբերակները, որոնք կարող ենք տրամադրել մեր ծրագրի շրջանակներում։ Եթե գտնվի այլընտրանքային բնակարան, քաղաքապետարանն ունի ռեսուրսներ՝ ընտանիքներին ժամանակավորապես տեղափոխելու այնտեղ։ Այժմ քննարկում ենք, թե ինչ աջակցություն կարող է տրամադրել քաղաքապետարանը բողոքարկման պարագայում։

Մենք ունենք փոխհատուցման մի քանի տարբերակ, այդ թվում՝ վնասի չափի որոշումը, որը կհաստատվի փորձաքննությամբ։ Առողջությանը վնաս հասցնելու դեպքում ևս նախատեսվում է օգնություն, սակայն նման դեպք չի գրանցվել», – նշել է նա։

Ռոստոմ Մագրաքվելիձեի խոսքով՝ երբ դատաբժշկական փորձագետների աշխատանքը շենքում ավարտվի, քաղաքապետարանի վնասի գնահատման հանձնաժողովը կսկսի ուսումնասիրել բնակչությանը պատճառված վնասը։

Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ սկսել է հետաքննություն՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է ուրիշի գույքի վնասմանը կամ ոչնչացմանը հրկիզման միջոցով, ինչի հետևանքով պատճառվել է զգալի վնաս։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։