Ղուլալիս գյուղում ավարտվել է նախատեսված ասֆալտապատումը

Ղուլալիս գյուղում ավարտվել է նախատեսված ասֆալտապատումը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղից դեպի Ախալքալաք տանող կենտրոնական ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են։ Աշխատանքներն իրականացվել են պետական մրցույթի շրջանակում, որի հաղթողը «Ջավախավտոգզա» ՍՊԸ-ն է։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 440,000 լարի, և ասֆալտապատվել է շուրջ 930 մետր երկարությամբ ճանապարհ։

Գյուղի բնակիչների խոսքով՝ մոտ 100 մետր ճանապարհ դեռևս մնում է չասֆալտապատված։ Հարցին, թե նախատեսվում է արդյոք նաև այդ հատվածի ասֆալտապատումը, գյուղի ներկայացուցիչը պատասխանել է, որ դա հնարավոր է, սակայն այս պահին հստակ որոշում չկա։

Գյուղ վերադարձածներից մեկն, ով երկար տարիներ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, նշեց.
«Շատ լավ է, որ գյուղում վերջապես ասֆալտ կա, բայց ավելի ուրախ կլինեի, եթե ամբողջ ճանապարհը ասֆալտապատված լիներ։ Մեզ համար դա կարևոր է թե՛ մարդկանց տեղաշարժի, և թե՛ մեքենաների պահպանման համար։ Այսօր մեքենաները ժամանակակից են, իսկ լավ ճանապարհը խիստ անհրաժեշտություն է»։

Ղուլալիս գյուղի բնակիչ Վախթանգ Ներսիսյանը պատմում է․
«Ամեն տարի Ռուսաստանից գալիս եմ հայրենի գյուղ՝ մոտ վեց ամիս այստեղ եմ անցկացնում։ Գյուղից երբեք չեմ կտրվել։ Հիմա արդեն մեկ ամիս է, ինչ գյուղում եմ և զգում եմ փոփոխությունները։ Կենտրոնական ճանապարհն ասֆալտապատվել է, ինչն իսկապես լավ բան է։ Թեև մի փոքր հատված դեռ մնում է չասֆալտապատված, հուսով ենք՝ այն ևս կվերանորոգվի։

«Գյուղում ապրուստի պայմաններն աստիճանաբար բարելավվում են։ Մեքենաների երթևեկությունը շատ ավելի հեշտացել է։ Եթե նախկինում քարերի ու փոսերի միջով էինք ստիպված անցնել՝ հաճախ վնասելով մեքենաները, ապա այժմ ճանապարհը հարթ է ու անցանելի։ Այս ճանապարհը մեր երկար սպասված ցանկությունն էր, կարելի է ասել «մուրազը»։ Նախկինում, երբ գյուղ էինք գալիս, ճանապարհը մեծ խնդիր էր՝ լի փոսերով ու քարերով, իսկ հիմա շատ ավելի լավ է»։

Դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժնի ղեկավար Արմեն Բդոյանին՝ պարզելու, թե ինչու չի ասֆալտապատվել բնակիչների նշած մոտ 100 մետր հատվածը։ Վերջինս պատասխանեց, որ տվյալ հատվածի համար դեռևս նախագծային աշխատանքներ չեն իրականացվել, իսկ առանց նախագծի ասֆալտապատման աշխատանքներ չեն կարող կատարվել։

Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղից դեպի Ղուլալիս տանող 2 կմ 404մ երկարությամբ ճանապարհը ասֆալտապատվել է 2022 թվականին: Վերոնշյալ ճանապարհի ասֆալտապատման համար նախատեսվել էր 1 556 803 լարի գումար։ Հայտարարված մրցույթը հաղթել էր «Ջավախավտոգզա» ընկերությունը: Գումարի 57 % -ը ֆինանսավորվել է պետական բյուժեից իսկ 43% -ը տեղականից:

Տեսանյութ․