Ցրտահարվել է Նինոծմինդայի և Ախալքալաքի կարտոֆիլի բերքը

Ցրտահարվել է Նինոծմինդայի և Ախալքալաքի կարտոֆիլի բերքը

Նինոծմինդայի և Ախալքալաքի գյուղերում գրանցված ուժեղ ցրտահարությունը զգալի վնաս է հասցրել կարտոֆիլի բերքին՝ գյուղացիներին կանգնեցնելով տնտեսական լուրջ մարտահրավերների առաջ։

Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներում օրերս գրանցվել է ցրտահարություն։ Հատկապես տուժել է Մեծ Գոնդուրայի գյուղական համայնքը, որտեղ տեղի բնակիչները մեզ հայտնեցին, որ ցրտահարության պատճառով վնասվել են հողի տակից նոր դուրս եկած կարտոֆիլի թփերը։

Տեղացիները նշում են, որ եղանակային անակնկալները վերջին տարիներին դարձել են սովորական երևույթ, սակայն այս տարվա ցրտահարությունն առավել ուժեղ է եղել և զգալի վնաս է պատճառել կարտոֆիլին։

«2.5 հեկտար կարտոֆիլ եմ ցանել, բայց ամբողջությամբ վնասվել է, միայն արմատներն են մնացել։ Բերքի մոտ 70%-ը ոչնչացել է։ Ոչինչ հնարավոր չէ վերականգնել, անգամ պարարտանյութը չի օգնում, իսկ դրա համար էլ լրացուցիչ գումար է անհրաժեշտ։ Շատերն են ցանել, կան նաև 10 հեկտար ցանողներ։ Սա առաջին դեպքն էր, երբ այս ժամանակահատվածում նման ցրտահարություն է եղել։ Եթե համեմատենք անցած տարվա հետ, այս տարի կարտոֆիլի բերք չի լինի»,-ասում է Մ․ Գոնդուրայի բնակիչ Մարտին Շամիլյանը։

Radio NOR · Ցրտահարություն Գոնդուրայում

Բացի Նինոծմինդայի շրջանից ցրտահարություն է դիտվել նաև Ախալքալաքի շրջանում: Ախալքալաքի շրջանից ֆերմերը մեզ հետ զրույցում հայտնեց, կարելի է համարել, որ ցրտահարությունը բերքը կիսել է։ Մինչև այդ ամենը վերականգնվի, աշուն կգա։ Ըստ ֆերմերի՝ բերքը անցած տարվա նման չի լինի, նրա կարծիքով՝ այդ տարին հատուկ տարի էր։

«Ախալքալաքի շրջանի բարձրադիր գյուղերը ավելի շատ են տուժել, որովհետև օդի ջերմաստիճանը ավելի ցածր է, իսկ մեր տարածքը՝ Չանդուրա, Վաչիան, Մուրջախեթ և Կիրովականի տարածքը ցածդադիր բերքը ավելի քիչ է տուժել։ Հողամաս կա, որ 10-15%-ով է ցրտահարվել։ Կան նաև արտեր 50% և ավելի շատ են տուժել։ Քանի որ ես մի փոքր ուշ եմ ցանել, իմ բերքը շատ վնաս չի կրել»։

Բնակիչները նշում են, որ գյուղատնտեսությամբ զբաղվելն օր օրի ավելի դժվար է դառնում։ Վար ու ցանքը, բերքի խնամքը և հավաքումը կապված են մեծ ծախսերի հետ, իսկ եղանակային անսպասելի պայմաններն էլ գյուղացու ողջ չարչարանքը ջուրն է լցվում։

Մեր այն հարցին թե դիմել են տուժածները համապատասխան ծառայություն օգնության համար, նրանք նշեցին՝ քանի որ հողատարածքները ապահովվագրված չեն, դիմել չեն կարող։

Իսկ թե ինչ բերք կստանան բնակիչները այս տարի, ցույց կտա ժամանակը։

Տեսանյութ՝