
Պատժամիջոցների տակ գտնվող ռուսական Sitronics Group ընկերության կազմի մեջ մտնող Sitronics Electro-ն նախատեսում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ արտահանել Վրաստան և Ղրղզստան։ Ընկերությունը արդեն իսկ առաջին կայաններն առաքել է Հայաստան։
Այս մասին հայտարարել է Sitronics Electro-ի գործադիր տնօրեն Անդրեյ Գուրլենովը՝ TASS-ին տված հարցազրույցում։
«Մենք արտահանման ծրագրեր ունենք։ Արդեն առաջին կայաններն ենք մատակարարել Հայաստան և համագործակցում ենք ԱՊՀ երկրների հետ։ Գործընկերներ ունենք Վրաստանում և Ղրղզստանում ու նախատեսում ենք այնտեղ ևս կայաններ մատակարարել», – ասել է Գուրլենովը։
Նրա խոսքով՝ ռուսական արտադրության լիցքավորման կայանները թանկարժեք են չինականների համեմատ, սակայն ընկերությունը շեշտադրում է բացառիկ և/կամ բարձր հզորության լուծումների արտահանումը՝ չինական զանգվածային շուկայում չներկայացված ուղղություններով։
Sitronics Group-ը բազմապրոֆիլ ռուսական ՏՏ ընկերություն է, որը հիմնադրվել է 2002 թվականին։ Այն իրականացնում է թվային նախագծեր Ռուսաստանի կառավարության և բիզնեսի համար, ներդնում է խելացի քաղաքների ու անվտանգության ոլորտի համալիր լուծումներ, ինչպես նաև զբաղվում է տնտեսության ռազմավարական ճյուղերի թվայնացմամբ։ Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից և իրականացրել է ավելի քան 5000 նախագիծ։
Sitronics Group-ը գտնվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) պատժամիջոցների ցուցակում մինչև 2024 թվականը։ Ընկերությունը ներառված է նաև Ուկրաինայի 10-ամյա պատժամիջոցների ցանկում՝ սկսած 2023 թվականի ապրիլի 14-ից։
Բացի այդ, ընկերության կազմում ընդգրկված Sitronics IT-ը նույնպես ընդգրկվել է Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում՝ սկսած 2024 թվականի մարտի 22-ից՝ 10 տարի ժամկետով։