
Հուլիսի 4-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում տեղի ունեցավ Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։
Միջոցառմանը ներկա էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Ավագանու նախագահ Վահան Արոյանը, համայնքի տարբեր կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, հյուրեր՝ ինչպես հարևան գյուղերից, այնպես էլ դպրոցների ուսուցիչներ։
Տոնական օրը մեկնարկեց դպրոցում կազմակերպված էքսկուրսիայով։ Ուսուցիչները և աշակերտները ներկայացրին դպրոցի պատմությունը, կազմակերպեցին հին լուսանկարների ցուցահանդես, ցուցադրեցին արխիվային նմուշներ, ինչպես նաև տիկնիկային ներկայացում։ Էքսկուրսիայի նպատակը դպրոցական անցյալի և ձեռքբերումների արժևորումն էր՝ միաժամանակ ներկայացնել այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կրթօջախի զարգացման գործում։
Միջոցառման ընթացքում աշակերտները հանդես եկան երաժշտական, պարային և ասմունքի համարներով՝ ստեղծելով ոգեշնչող մթնոլորտ։ Միջոցառումն ընդգծված էր ազգային արժեքների և ստեղծագործական ոգու շեշտադրմամբ։
«Այսօր լրանում է Վիկտոր Հովսեփյանի անվան դպրոցի 50 ամյակը։ Այսօր մեծ տոն է մեզ համար. կեսդարյա պատմություն նշող այս կրթօջախը, հասարակությանը պիտանի սերունդ է բաց թողել, չկա որևէ բնագիտական ոլորտ, որ մեր աշակերտներից չունենանք ընդգրկված։ Այսօր տոն է, ուրախություն նաև ինձ համար, քանի որ 32 տարի է ինչ աշխատում եմ այս դպրոցում որպես պատմության ուսուցչուհի»,-իր խոսքում նշեց Նանա Անտոնյանը։
«50 տարիների ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ անվանի սաներ, անվանի ուսուցիչներ ու տնօրեններ։ Մեր տնօրեն Նանե Հովսեփյանի նախաձեռնությամբ և մեր ուսուցիչների ակտիվ համագործակցությամբ այսօր կազմակերպել ենք գեղեցիկ հոբելյանական տոն»,- ասաց նույն դպրոցի ուսուցչուհի Արմինե Էգնատոսյանը։
Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցի նախկին սանը և ներկայիս Հեշտիայի թիվ 2 դպրոցի ուսուցչուհի Վարդիթեր Գրաբսկին հուզմունքով խոսեց դպրոցի մասին։ Նա նշեց, որ այդ օրը իր համար շատ կարևոր է, քանի որ առաջին անգամ 6 տարեկանում է ոտք դրել այդ դպրոց և այնտեղ սովորել է 11 տարի։ Դպրոց մտնելիս նա վերապրել է այն տարիները, որոնք անցկացրել է այդտեղ։ Հիշել է ուսուցիչներին, ովքեր դասավանդել են իրեն, չնայած որ կան մարդիկ, ովքեր, ցավոք, այսօր ներկա չեն։ Նրա համար շատ հաճելի հիշողություններ են մնացել այդ տարիներից։
Միջոցառման հիմնական հատվածը տեղի ունեցավ դպրոցի բակում, բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Նանե Հովսեփյանը, ով իր ողջույնի խոսքում ասաց.
«Ջերմ ողջույններս եմ հղում բոլոր ներկաներին։ Հարգարժան հյուրե՛ր, ուսուցիչնե՛ր, աշակերտնե՛ր, ծնողնե՛ր, դպրոցի նախկին սանե՛ր, շնորհակալություն եմ հայտնում, որ միասին նշում ենք մեր սիրելի դպրոցի 50-ամյակը։ Այսօր ուզում եմ իմ հատուկ շնորհակալությունը հայտնել ուսուցչական անձնակազմին, աշակերտներին և ծնողներին, ովքեր միասին մեծ նվիրումով կազմակերպեցին այս գեղեցիկ օրը»։
Տնօրենը նաև պատմեց դպրոցի անցյալի մասին՝ նշելով, որ Հեշտիայում կրթական գործունեությունը սկսվել է դեռևս 1830-ական թվականներին։ 1904 թվականին կառուցվել է նոր դպրոց, իսկ արդեն 1974-75 թթ. ուսումնական տարում իր դռները բացել է ներկայիս եռահարկ շենքը, որը երկար տարիներ եղել է տարածաշրջանի լավագույն կրթօջախներից մեկը։
Հեշտիայի թիվ 1 դպրոցի մանկավարժական խորհրդի անունից դպրոցի տնօրեն Նանե Հովսեփյանը պարգևատրվեց պատվոգրով՝ իր 17-ամյա նվիրական ղեկավարության և հանրապետության կրթական համայնքում դպրոց-ուսուցիչ-աշակերտ-ծնող համագործակցության լավագույն օրինակ ստեղծելու համար։
Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ով մասնագիտությամբ նաև ուսուցիչ է, իր ելույթում նշեց.
«Շնորհավորում եմ Հեշտիայի դպրոցի ամբողջ համայնքին այս հոբելյանական օրվա կապակցությամբ։ Դպրոցը միայն գիտելիքի աղբյուր չէ, այստեղ երեխաներն արժևորվում են որպես անհատներ, սովորում են ապրել՝ ձգտելով դառնալ լավ մարդիկ։ Որպես նախկին ուսուցիչ ուզում եմ հորդորել մեր ներկա մանկավարժներին ոչ միայն կրթել երեխաներին, այլև սովորեցնել ապրել»։
Դպրոցի նախկին սան, գյուղի ներկայիս ներկայացուցիչ Եգոր Քոթոյանն իր ելույթում նշեց.
«Իմ հաջողությունների հիմքում այս դպրոցում ստացած կրթությունն է։ Մեր դպրոցից դուրս եկող յուրաքանչյուր երեխա արդեն իսկ կրթված է ու դաստիարակված։ Շնորհակալ եմ իմ ուսուցիչներին և շնորհավորում եմ դպրոցի ոսկե հոբելյանը»։
Մանրամասները տեսանյութում․
Ֆոտոշարք․