
Սաթխա գյուղում էլեկտրատեխնիկայի զանգվածային վնասում է արձանագրվել էլեկտրամատակարարման խափանման պատճառով
Այսօր` հուլիսի 5-ին, Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում արձանագրվել է էլեկտրամատակարարման լուրջ խափանում, որի հետևանքով բազմաթիվ բնակիչների բնակարանի էլեկտրատեխնիկա վնասվել է։ Այս մասին տեղեկացնում են գյուղի բնակիչները։ Ըստ նրանց` արձանագրվել է հոսանքի բարձր լարում, որը շարքից դուրս է հանել կենցաղային տեխնիկաները։
Ինչպես բնակիչներն են ասում, պատճառը եղել է այն, որ էլեկտրական ցանցի տեխնիկական խմբի կողմից աշխատանքներ են իրականացվել, որից անմիջապես հետո մի շարք տներում սկսել են շարքից դուրս գալ սառնարաններ, ջրատաքացուցիչներ (բաքսիներ), լուսամփոփներ և այլ էլեկտրասարքեր։
Մեզ չհաջողվեց կապ հաստատել Energo Pro Georgia ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի հետ` պարզելու մանրամասներ։
Դեպքի պատճառները, հնարավոր տեխնիկական բացթողումները, հասցված վնասի ծավալը, ինչպես նաև հնարավոր փոխհատուցման հարցը NOR ռադիոկայանի ուշադրության կենտրոնում են։
Թեմայի զարգացումներին կարող եք հետևել մեր առաջիկա նյութերում։