
Վրաստանի քաղաքացիները, ովքեր նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեն և օգտվում են վրացական վարորդական վկայականից, այլևս չեն տուգանվի ՀՀ տարածքում երթևեկելիս։ Փոփոխությունը ներառված է Ներքին գործերի նախարարության ներկայացրած «Ճանապարհային երթևեկության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծում։ Նախագիծն այսօր ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ։
Օրենսդրական փոփոխության համաձայն վրացական վարորդական իրավունքները Հայաստանում համարվելու են գործող՝ մուտքից հետո երեք ամիս ժամկետով։
ԱԺ անկախ պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց, որ այս դրույթը հատկապես կարևոր է ջավախքցիների համար, ովքեր երկքաղաքացի են։ «Սա նշանակում է, որ, սիրելի հայրենակիցներ, որ այլևս ջավախցիները, ովքեր երկքաղաքացի են, ունեն և Հայաստանի, և Վրաստանի քաղաքացիություն, բայց երթևեկում են վրացական վարորդական իրավունքներով, այլևս ենթակա չեն տուգանման», – ասաց պատգամավորը։