Ազատություն-Հովսեփյան խաչմերուկի քանդված հատվածը վերանորոգվում է

Ազատություն-Հովսեփյան խաչմերուկի քանդված հատվածը վերանորոգվում է

Այսօր՝ հուլիսի 8-ին, Նինոծմինդայի Ազատություն և Հովսեփյան փողոցների խաչմերուկում մեկնարկել են վերանորոգման աշխատանքները։ Ճանապարհի այս հատվածը երկար ժամանակ անմխիթար վիճակում էր, ինչի հետևանքով բազմաթիվ մեքենաներ վնասվել են։

Տեղում պարզեցինք, որ շինարարական աշխատանքներն իրականացնում է «ԵՄԿ Գրուպ» ՍՊԸ-ն՝ Նինոծմինդայի քաղաքապետարանի պատվերով։

Մանրամասները պարզելու համար զանգահարեցինք ընկերության թեժ գիծ, որտեղից հաստատեցին, որ աշխատանքները իրականցնում է «ԵՄԿ Գրուպ» ՍՊԸ-ն, իսկ գործընթացի մանրամասների համար անհրաժեշտ է դիմել քաղաքապետարան։

NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել է տվյալ խաչմերուկի վատթար վիճակին, որն էական խոչընդոտներ էր ստեղծում երթևեկության համար։

Բնակիչները հաճախ ահազանգում էին, որ քանդված ճանապարհների պատճառով մեքենաները շարքից դուրս են գալիս, և տեխնիկական զննություն անցնելն անհնար է դառնում։ Արդյունքում տեսախցիկները ֆիքսում են անսարք ավտոմեքենաները, և վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության։

Չնայած, որ նախկինում կատարվել էին փոսալցման աշխատանքներ, դրանք զգալի արդյունք չէին տվել։ NOR ռադիոկայանը կհետևի իրադարձությունների զարգացումներին։