Անբարենպաստ տարի մեղվաբուծության համար

Անբարենպաստ տարի մեղվաբուծության համար

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղում արդեն շուրջ մեկ տասնամյակ է, ինչ 54-ամյա Կարո Իսպիրյանը զբաղվում է մեղվաբուծությամբ։ Այս գործին նա մոտեցել է ինքնուրույն՝ առանց մասնագիտական կրթության, այնուհետև սովորել է ինտերնետի միջոցով՝ ուսումնասիրելով մասնագիտական նյութեր, դիտելով տեսանյութեր և սովորելով բոլոր անհրաժեշտ հմտությունները։

«Սկզբում հետաքրքրություն էր, մանկուց սեր ունեի այս բնագավառի հանդեպ։ Ուղղակի որոշեցի փորձել՝ կստացվի, թե չէ։ Ու ստացվեց»,-ասում է նա։

Ի տարբերություն անասունների խնամքի, որն ըստ նրա երբեմն նյարդային է, մեղուների հետ աշխատելիս Իսպիրյանը զգում է լիարժեք հանգստություն։ «Մեղուների հետ աշխատելիս հանգստանում եմ, ամբողջ օրը զբաղվում եմ դրանցով ու հոգնել չգիտեմ»,- նշում է մեղվաբույծը։

Կարո Իսպիրյանի ընտանիքը մեղուներով երբեք չի զբաղվել։ Այս ուղին նա ընտրել է մենակ՝ կառուցելով իր սեփական փեթակները, ձեռք բերելով մեղվապահական սարքեր և աստիճանաբար ընդլայնելով իր գործը։ Նա նշում է, որ թեև դժվարություններ շատ են եղել, հատկապես ֆինանսական՝ սարքավորումների ձեռքբերման պատճառով, սակայն ինքն անձամբ հաղթահարել է բոլոր արգելքները։

«Ոչինչ չպետք է վախեցնի։ Եթե ուզում ես ինչ-որ բանի հասնել, պետք է փորձես։ Եթե ձգտում ունես, հաստատ արդյունքի կհասնես»,- ասում է Իսպիրյանը։

Նրա մեղրը մնում է տեղում՝ Ջավախեթիում։ Մեկ կիլոգրամ մեղրի արժեքը սկսվում է 20 լարիից, իսկ մեղրամոմի արժեքը 50 լարի է, սակայն մեղվապահը նշում է, որ ցավոք սրտի այս տարի այդքան էլ բարենպաստ տարի չէ, հույս չունի որ շատ մեղր կստանա։ Դեռևս արտահանման մասին չի մտածում։ Նրա համար սա պարզապես եկամտի աղբյուր չէ, այլ սիրելի զբաղմունք՝ կյանքի մի մասը։

Մանրամասները տեսանյութում․