
2024 թվականի հուլիսի 10-ին սկիզբ դրված Հեշտիա գյուղի տոնը արդեն երկրորդ տարին նշվեց այսօր մեծ հանդիսավորությամբ՝ վերածվելով կարևոր միջոցառման ինչպես տեղաբնակների, այնպես էլ արտերկրում բնակվող հեշտիացիների համար։
Տոնակատարությանը մասնակցում էին Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Զաալ Գելաշվիլին, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր Վրաստանի տարբեր շրջաններից ու արտերկրից՝ հեշտիացի համայնքի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, հարակից գյուղերից հյուրեր և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ։
Միջոցառման բացմանը նախորդեցին երկու նշանակալի իրադարձություններ՝ Հեշտիա գյուղում նոր ասֆալտապատ ճանապարհի և մինի մարզադաշտի հանդիսավոր բացման արարողությունները։ Գյուղի բնակիչները ջերմորեն դիմավորեցին իրենց՝ դրսում ապրող զավակներին աղ ու հացով ի նշան հյուրընկալության և համախմբվածության։
Տոնական օրը շարունակվեց Մշո այգում՝ համերգային ծրագրով։ Միջոցառման պաշտոնական հատվածը բացվեց Վրաստանի պետական օրհներգով, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Հեշտիայի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը՝ ընդգծելով գյուղի զարգացման շարունակական ընթացքը։
«Հեշտիայում արդեն երկրորդ անգամ այս դրախտային Մշո այգում նշում ենք մեր գյուղի տոնը։ Շնորհավորում եմ բոլոր հեշտիացիներին Հեշտիայի հիմնադրման 197-ամյակի կապակցությամբ։ Գյուղը իր համագյուղացիների և բարերարների հետ միասին սերտ կապ ունի մեր շրջանի ղեկավարության հետ, և մենք ակտիվորեն համագործակցում ենք։ Դրա վառ ապացույցներն են՝ Հեշտիայի 2500 մետր երկարությամբ նոր ասֆալտապատ ճանապարհը և մինի մարզադաշտը։ Սիրելի հեշտիացինե՛ր, մենք ամեն տարի միասին ենք նշելու մեր գյուղի տոնը։ Հեշտիա ջան, տոնդ շնորհավո՛ր»,– ասաց Եգոր Քոթոյանը։
Գործարար և բարերար Գարիկ Զոբյանը մեր զրույցում նույնպես շնորհավորեց համագյուղացիներին՝ ընդգծելով, որ հպարտ է գտնվել իր հայրենի Հեշտիա գյուղում։ Նա նշեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ գյուղի տոնը նշվում է մեծ շուքով և համոզված է, որ այս ավանդույթը կլինի շարունակական։
Իր խոսքով հանդես եկավ նաև Հեշտիայի բնակիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, 100-ամյա Ներսես Սիմոնյանը․
«Հարգելի հյուրե՛ր, բոլորիդ իմ հարգանքն ու պատիվը։ Այսօր ես հպարտանում եմ, որ Հեշտիա գյուղի ժողովուրդը պատվով ու փառքով ապրում է իր նախնիների սուրբ հողի վրա։ Շնորհավորում եմ ձեզ, ցանկանում եմ առողջություն, հաջողություն, և թող այս գեղեցիկ տոնը շարունակական լինի։ Դա մեծ պատիվ է մեզ համար»։
Ելույթ ունեցան նաև արտերկրում բնակվող հեշտիացի բարերարներ Թումաս Վարդանյանը և Արարատ Գոմցյանը։
Միջոցառումը էլ ավելի տպավորիչ դարձրին հրավիրված հայտնի երգիչներ Գրիգորի Եսայանը, Վարդան Ուռումյանը, Խաչիկ Արենցին, Լավրենտ Առաքելյանը և այլ կատարողներ։
Հատուկ անակնկալ էր Լավրենտ Առաքելյանի նոր երգի պրեմիերան, որը ներկայացվեց հենց միջոցառման ընթացքում։ Նոր երգով հանդես եկավ նաև Գրիգորի Եսայանը՝ նվիրված Հեշտիա գյուղին։
Տոնական միջոցառումը եզրափակվեց գյուղի բնակիչների և հյուրերի համար կազմակերպված հյուրասիրությամբ։
Մանրամասները տեսանյութում․