
Շողակաթ (Ֆրիդա) Աղվանի Անանիկյանը ծնվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում՝ մանկավարժների ընտանիքում։ Մանկության ու պատանեկության տարիներն անցել են հարազատ գյուղում, որտեղ էլ ավարտել է Սաթխայի միջնակարգ դպրոցը։ Ուսման նկատմամբ սերը նրան տարավ դեպի Գյումրի, որտեղ ընդունվեց մանկավարժական ուսումնարան՝ ընտրելով մի մասնագիտություն, որը հետագայում դարձավ ոչ միայն մասնագիտություն, այլ նաև առաքելություն։
NOR-ին Շողակաթ Անանիկյանը պատմեց, որ չորս տարվա ուսումն ավարտելուց հետո՝ 1968 թվականին, վերադարձավ իր հարազատ Սաթխա գյուղ և անմիջապես ընդգրկվեց դպրոցի մանկավարժական կոլեկտիվում որպես տարրական դասարանների ուսուցչուհի։ Սա դարձավ սկիզբն այն ուղու, որը տևեց ավելի քան կես դար։
Շողակաթ Անանիկյանը ամուսնացել է 1970 թվականին։ Նրա ամուսինը նույնպես եղել է ուսուցիչ՝ օտար լեզուների մանկավարժ։ Սկզբնական շրջանում 4 տարի աշխատել է Օրոջալարում, այնուհետև Սաթխայում։
«Ես շատ եմ սիրել իմ մասնագիտությունը, սիրել եմ իմ աշակերտներին, սիրել եմ նրանց հետ զրուցել տարբեր թեմաներից՝ ամեն ինչի մասին։ Ես շատ հպարտ եմ, որ իմ լուման ներդրել եմ երեխաների դաստիարակության մեջ»,-նշում է փորձառու մանկավարժը։
Նա նշում է, որ ժամանակակից կրթությունը զգալի փոփոխությունների է ենթարկվել։ Տիկին Անանիկյանը հատկապես ցավով է խոսում բջջային սարքերի դերի մասին․
«Երեխան ինքը պետք է կարդա և ստեղծի, այլ ոչ թե հեռախոսը, երեխան փնտրում է պատասխանը հեռախոսում, առանց փորձելու հասկանալ կամ մտածել»,- նշում է 50 տարվա փորձ ունեցող ուսուցիչը։
Տարիներ շարունակ աշխատելով նույն դպրոցում՝ նա սերունդներ է կրթել ու դաստիարակել, փոխանցելով ոչ միայն գիտելիք, այլ նաև մարդկային արժեքներ, ազնվություն և պատասխանատվություն։ Նրա անունը գյուղում հնչում է հարգանքով ու երախտագիտությամբ, իսկ սաները մինչ օրս հիշում են նրա հոգատար ու բարի վերաբերմունքը։
Շողակաթ Անանիկյանի մանկավարժական գործունեության 50 տարիներից յուրաքանչյուրը եղել է նվիրում համայնքին, սերնդին ու հայրենիքին։ Նրա համար կարևոր է եղել նաև հարգանքը և փոխհարաբերությունները։ Ուսուցչուհին ցավով նշում է, որ կրթության մեջ ոչ միայն տեխնոլոգիաներն են փոխվել, այլ նաև մարդկային հարաբերությունները։ Հատկապես ուսուցիչ-աշակերտ կապն այլևս չունի նախկին ջերմությունն ու հարգանքը։
Մանրամասները տեսանյութում՝