
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում Խաչատրյանների ընտանիքն արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ՝ ջերմոցային պայմաններում։ Նրանց ջերմոցը դարձել է փոքր եկամտի աղբյուր, ինչպես նաև զբաղմունք։ Համլետ Խաչատրյանը՝ տան որդին, չցանկանալով արտագնա աշխատանքի մեկնել, որոշել է կառուցել ջերմոց։ Նա նախկինում 3 տարի զբաղվել է այս գործով, սակայն հետո, քանի որ մեծ եկամուտ չի եղել , մեկնել է նորից արտագնա աշխատանքի։ Այսօր ջերմոցի մշակման աշխատանքներով զբաղվում է կինը, սակայն ընտանիքի մյուս անդամները նույնպես անմասն չեն մնում։
Խաչատրյանները ջերմոցային տնտեսություն հիմնել են սեփական նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով տարածաշրջանի կլիմայական պայմանները։ Գյուղում եղանակը մեծ մասամբ ցուրտ է, իսկ բաց դաշտերում բանջարեղենի մշակումն հաճախ վտանգի տակ է։ Հենց այդ պատճառով էլ ընտանիքը որոշել է ստեղծել ջերմոց։
Ներկայումս ջերմոցում հիմնականում աճեցնում են վարունգ, լոլիկ, ելակ և մի շարք այլ բուսական կուլտուրաներ։ Ընտանիքի անդամների խոսքով՝ ջերմոցում հնարավոր է ապահովել բույսերի աճի համար անհրաժեշտ ջերմաստիճան, խոնավություն և պաշտպանություն՝ կարկտահարությունից կամ հանկարծակի ցրտահարությունից։
Խաչատրյանների ջերմոցում աճեցված բերքը շատ հաճախ գնում են հարևանները, բարեկամները և ծանոթները։ Ընտանիքը չի պլանավորում ընդլայնել ջերմոցային տարածքը, ինչպես նշեց Կատյա Խաչատրյանը, իրենց դա էլ է բավական։
Խաչատրյանների օրինակը ցույց է տալիս, որ գյուղատնտեսության մեջ նորարար մոտեցումներն ու աշխատասիրությունը կարող են կայուն եկամտի աղբյուր դառնալ նաև դժվարին պայմաններում։
Հարկ է նշել, որ վերջին ժամանակներում Նինոծմինդայի մունիցիպալիտետում տնամերձ տարածքներում նկատվում է ջերմոցների թվի աճ։ Բնակիչները զբաղվում են ջերմոցային կուլտուրաներով և ստանում առանց քիմիկատների բերք։
Տեսանյութ՝